Մարդիկ հողաթափերով են դուրս եկել գյուղից, անգամ ոսկի, փող, մեքենա, ունեցվածք չեն վերցրել

Լորիկ Աբրահամյանը Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքի ղեկավարն է։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո հիմնականում զբաղված է համայնքի բնակիչների փաստաթղթերի վերականգնման աշխատանքներով, քանի որ տարհանման պահին ոչ ոք իրենց տներից ոչինչ չի հասցրել վերցրել։
Սեպտեմբերի 19-ին համայնքի ղեկավարն աշխատավայրում էր, ասում է՝ դեռ առավոտից Չարեքտարի դիրքերից անհանգստացնող լուրեր էին շրջանառվում, ինքն էլ բոլորի պես կարծել է, որ եթե հարձակում լինի, ապա միայն դիրքերի ուղղությամբ։
«Խոշոր տրամաչափի կրակոցները լսելուց հետո հասկացանք, որ լայնամասշտաբ պատերազմ է, և ամեն րոպե իրավիճակ կարող է փոխվել։ Անդադար կրակում էին։ Տղամարդկանցից բացի, բոլորն իջել էին իրենց նկուղներ, պատսպարվել ապահով վայրերում։ Մոտ 2 ժամ անց Մարտակերտի վարչակազմից զանգեցին ու հրահանգեցին, որ պետք է անցնենք ինքնապաշտպանության։ Զենքի պակաս կար, որը շրջվարչակազմը լրացրեց ու գյուղի տղամարդկանցով սկսեցինք պաշտպանել գյուղը։ Կանայք, երեխաներ, ծերեր, բոլորն ապաստարաններում էին, երբ ուղիղ կեսգիշերին նկատեցինք, որ թշնամական զորքը գտնվում է մեր գյուղի անտառներում»,- պատմում է Լորիկ Աբրահամյանը։
Հրթիռահրետանային զինատեսակներից բացի, Խնկավանում արդեն լսելի էր փոքր տրամաչափի զենքերի կրակոցները։ Այստեղ, համայնքի ղեկավարը ծանր որոշում է կայացնում․ դուրս գալ նկուղներից ու հարևան համայնքներ տեղափոխվել, քանի որ վտանգավոր էր, ամեն վայրկյան կարող էին մտնել, արդեն տներին շատ մոտ էին։
Աբրահամյանի խոսքով` բնակիչների մի մասը` ոտքով, անօգնական մարդիկ՝ մեքենայով, ճամփա են ընկնում դեպի հարևան Վաղուհաս։ Հասկանալով, որ այնտեղ էլ բնակիչները տարհանվում են, հասնում են նախ Հարությունագոմեր, այնտեղից՝ Վերին Հոռաթաղ։
«Մենք տղամարդկանցով մնացինք Խնկավան-Վաղուհաս համայնքների տարածքում ու փորձում էինք փոքր թվաքանակով, ունեցած զենքերով պաշտպանել գյուղերը։ Նույն գիշերը մեր հարևան գյուղերի բնակչությունն ամբողջությամբ այդտեղից տեղափոխվում և ապաստանում են Դրմբոնում ու հարակից տարածքներում։ Ծանր գիշեր էր։ Ես ամեն անգամ խոսելով այդ մասին վերապրում եմ, այդ օրերի բոլոր դրվագները։ Նույն գիշերը գյուղն ընկավ, իսկ հաջորդ օրն ամբողջ վերին ենթաշրջանը տեղափոխվեց ռուս խաղաղապահների կենտրոնակայան»,- հիշում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` այդ ընթացքում ոչ մի խաղաղապահ իրենց չի այցելել, առավել ևս անվտանգությունը չի ապահովել։ Որ Խնկավանի բնակիչներից ոչ ոք չի տուժել, դա գյուղի բնակիչների կազմակերպված տարհանման արդյունք է։
«Երբ որոշում է կայացվել գյուղը լքելու, Հայասեր անունով մի տղա, որ առողջական խնդիր ուներ, ինքն առանց զգուշացնելու հետ է գնացել գյուղ, իսկ 62-ամյա Էլմիրան՝ Վերին Հոռաթաղում բարեկամի տանն էր մնացել, դուրս չի եկել։ Նրանք երկուսով գերեվարվել են, ապա Կարմիր խաչով փոխանցվել հայկական կողմին»,- պատմում է Լորիկ Աբրահամյանը` ափսոսանքով նշելով, որ խնկավանցիները չեն հասցրել իրենց հետ վերցնել գոնե իրենց ունեցվածքը, կամ տնից անհրաժեշտ իր։
«Հագի շորերով ու հողթափերով են դուրս եկել, անգամ ունեցած ոսկին, հավաքած գումարը, կամ իրենց մեքենաները չեն հասցրել վերցնել գյուղից։ Ձեռնունայն եկել ու ամեն ինչ զրոյից են սկսում այստեղ։ Մինչդեռ, գյուղում վատ չէին ապրում, ձեռնարկատիրական աշխատատեղերից բացի, անասնապահությունը, մեղվաբուծությունն ու հողագործությունը հիմնական զբաղմունք էր»։
Մեր զրուցակիցն ամեն օր գյուղ վերադառնալու մասին է երազում։ Վստահ է, որ այդ օրը կգա, իսկ մինչ այդ՝ ներքին ու արտաքին ճակատում շատ աշխատանք կա կատարելու։
Հունան Թադևոսյան