Փաշինյանի բրենդը, որի համար չեն վճարում 

Փաշինյանի բրենդը, որի համար չեն վճարում 

Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, Ժողովրդավարության հայկական ֆորումում երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ առանց հստակեցնելու, սակայն, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը և կոնկրետ որ երկների կողմից են այդ վտանգները։ Ասել է միայն, թե դրանք հանրահայտ են ու բոլորին տեսանելի:

Ըստ Փաշինյանի, ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Վարչապետի համար դա Հայաստանի հիմնական ու առանցքային բրենդն է:

Առհասարակ, Փաշինյանը երեկ հանդես է եկել մի շարք անհեթեթ հայտարարություններով, ԼՂ խնդիրը դիտարկել է ժողովրդավարության ու ավտորիտարիզմի պրիզմայում, սակայն այդ «փայլատակումներին» հանգամանալից անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Թերևս, կենտրոնանանք Փաշինյանի «բրենդային» մտածողության վրա:

Այս հարթության վրա առնվազն երկու կեղծիք կամ անճշտություն կա:

Նախ, ժողովրդավարությունը մոդել է, որն առավելապես երկրի քաղաքակրթական ընտրություն է, որի միջոցով որևէ ժողովուրդ իրականացնում է ավելի արդյունավետ կառավարում, ստեղծում է ներքին հարաբերությունների մի համակարգ, որն օպտիմալ է պետության առջև ծառացած խնդիրները լուծելու նպատակով:

Ըստ այդմ, ժողովրդավարությունը չի կարող լինել «բրենդ», որի միջոցով Փաշինյանն արդեն հինգ տարի է՝ փորձում է արտաքին աշխարհում խնդիրներ լուծել: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ դրսում «հայկական բրենդին» գին տվող չկա:
Մյուս կողմից, Հայաստանում, դասական իմաստով, ժողովրդավարություն չկա: Բավական է հիշել երկու հանգամանք. դրանք իշխանության հաշվետվողականության բացակայությունն ու ընտրովի արդարադատությունն են:

Մի խոսքով, ժողովրդավարությունն այսօրվա Հայաստանի համար ոչ բրենդ է, ոչ էլ՝ բովանդակություն, սոսկ կարգախոս է, որն առայժմ արտաքին աշխարհում ապահովում է Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը:

Վահրամ Բագրատյան