Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելը միայն ակտիվիստների օրակարգում է

Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելը միայն ակտիվիստների օրակարգում է

«Եթե անգամ դա արդյունք չտա, իսկ ես գրեթե համոզված եմ, որ չի տա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով որևէ քայլ չի ձեռնարկում, ապա գոնե իրազեկման առումով ինչ որ հաջողություն կունենանք։ Այսինքն, լռել-նստելու փոխարեն գոնե մի քայլ արած կլինենք»,- MediaHub-ին ասաց Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման պահանջով հունվարի 17-ին նախատեսվող ակցիայի կազմակերպիչ երիտասարդներից Արտակ Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:

«Ակցիայի միջոցով փորձելու ենք միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի բռնապետի ցանկությամբ այդ երկրում պահվող հայերի անհապաղ վերադարձի հարցին, քանի որ օր օրի հույսերը մարում են, որ նրանք կփոխանցվեն հայկական կողմին։ Ասելիք ունենք նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես ԱԳՆ-ին։ Ոչ մի քայլ չի արվում, մինչդեռ, Միրզոյանի ղեկավարած կառույցը պետք է ժամանակին այդ հարցը բարձրացներ միջազգային գործընկերների շրջանում, ընդհուպ մինչև միջազգային դատարաններ»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա։

Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Բաքվի դատախազությունը շինծու գործեր է հարուցել, ըստ որի՝ Արայիկ Հարությունյանին ու ազգային բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։

Հունան Թադևոսյան