Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը՝ ՔՊ-ի վարած քաղաքականությունն է

Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը՝ ՔՊ-ի վարած քաղաքականությունն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը ՔՊ-ի վարած քաղաքականությունն է ու դրա աղետալի հետևանքները հայոց պետականության ու Արցախի համար: Լաչինը հանձնվում է Ադրբեջանին՝ կրկին հայոց սահմանները Փաշինյանի օրոք փոքրանում են, հայ ազգը դառնում է փախստական, իսկ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը Արցախից փախստականները ցավոք դառնալու են նաև գաղթական՝ արտագաղթելով ՀՀ-ից:

Հետաքրքիր է, թե ինչ կարող են քննարկել ՔՊ-ականներն ԱԽ նիստի ժամանակ՝ թե ինչ նոր տարածքային զիջումների՞ են գնալու Ադրբեջանին, կամ ինչպե՞ս են «խաղաղության դարաշրջան» բացելու Հայոց ցեղասպանության հեղինակ Թուրքիայի հետ:

ԱԽ նիստերում պետք է քննարկվի բանակի հզորացման հարցերը՝ հաշվի առնելով, թե ով է պաշտպանության նախարարը՝ բանակը շարունակելու է օրեցօր թուլանալ: ԱԽ նիստում քննարկվում են պետությանն ու ազգին հուզող, ազգային անվտանգությանը վերաբերվող հարցեր և մարտահրավերներ: ՀՀ ու Արցախի համար այդպիսի մարտահրավեր է Փաշինյանի և թիմի իշխանությունն ու Բաքվի և Անկարայի հետ քաղաքական «քիրվայությունը»:

ՀՀ ներքաղաքական վիճակը շարունակում է մնալ լարված՝ հայ ժողովրդի ցանկությունն իշխանափոխության հետ կապված շարունակում է դեռևս մնալ անկատար՝ ՔՊ-ականներն ամեն ինչ անում են իրենց իշխանության ամրապնդման համար՝ հենվելով ուժային համակարգի և վարչական լծակների վրա:

Արտաքին քաղաքական ճակատում գնալով նորանոր զիջումների գործող իշխանությունները երկարաձգում են իրենց իշխանության վախճանը: ՀՀ քաղաքացիները պետք է կամ ոտքի կանգնեն՝ իրենց ակտիվությամբ փրկելով սեփական հայրենիքն ու երեխաների ապագան, կամ պասիվ դիտորդի կարգավիճակում հետևեն հայոց պետականության աստիճանական վախճանին:

Վահրամ Բագրատյան