Լաչինի միջանցքի հանձնման գործընթաց այս պահին չկա, ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը չեն փոխվել

Լաչինի միջանցքի հանձնման գործընթաց այս պահին չկա, ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը չեն փոխվել

Այս պահին հանձնման գործընթաց չկա, օգոստոսի 25-ի հանձնման խոսակցությունը Արցախի կառավարությունն էր միայն շրջանառում, այդ նույն ձևով ասում են օգոստոսի 31, սեպտեմբերի 1։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


«Ռուս խաղաղապահների հրամանատարների հետ հանդիպամանն էլ ասացին, որ պաշտոնական ձևաչափով բարձր մակարդակով հայտարարություն է լինելու։ Հիշում եք՝ իրենք հավաստիացրել են, որ ճանապարհը միջանցքի տրամաբանություն է ունենալու և այդ փաստաթուղթը քննարկման փուլում է, թե ինչ ձևաչափով՝ հայտարարություն կլինի»։
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը Լաչինի միջանցքից չեն ապամոնտաժվել։


Նշենք, որ MediaHub.am-ի արցախյան աղբյուրները տեղեկություն էին փոխանցել, որ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը կարող են մնալ միջանցքում, իսկ պոստը Աղավնոյից 700 մետր դեպի Հայաստան առաջին ոլորանի մոտ։ Մենք տեղեկացրել էինք նաև, որ Բերձորում ռուս խաղաղապահների երկու զորամասերը շարունակում են գործել։


Նշենք նաև, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած պաշտոնապես չի ասվում, բայց քննարկման առարկա կարող էր լինել նաև Լաչինի միջանցքի հարցը։
Հիշեցնենք նաև, որ կան տեղեկություններ այն մասին, որ օգոստոսի 31-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Գուցե այս հանդիպումից հետո արդեն Լաչինի միջանցքի հետ կապված լինեն կոնկերտ գործողություններ։


Անի Գևորգյան