Ովքե՞ր են են Ռաման ու Սիտան, կամ Թոթը և Մաաթը․ «Իմ հայրենիքն ու աշխարհը» գիրքը ծնողները խայտառակություն են անվանում

Նոր ուսումնական տարին Հայաստանի դպրոցներում մեկնարկել է «Հայոց պատմություն» դասագրքի նոր տարբերակի շուրջ քննարկումներով։
MediaHub-ին դիմած ծնողներն ահազանգում են՝ «Իմ հայրենիքն ու աշխարհը» գիրքը խայտառակություն է։
Բավական է կարդալ գրքի բովանդակությունը և հասկանալ, որ հայրենիքի մասին ավելի քիչ տեղեկություններ կան այնտեղ, քան աշխարհի։
«Գիրքը հետաքրքրել է նաև ինձ, երեկ երեկոյան այն ուսումնասիրեցի ամբողջությամբ ու հասկացա մի բան, որ այն, ինչ գրքի մասին սիրուն բառերի փաթեթավորմամբ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը, իրականում այդպես չէ։ Կարծես հեքիաթների գիրք լինի, որ մատուցվում է 11-12 տարեկան երեխաներին։ Մինչդեռ, այդ գրքում պետք է տեղեկություններ լինեն, իրենց լեզվով ասած, Հայաստանի պատմության մասին, ժողովրդի կենցաղի, մշակույթի, ավանդույթների, վերջապես հաղթանակների մասին»,- ասաց մեր զրուցակիցներից Մարինե Ասծատրյանը։
Մարինեն մի խումբ ծնողների հետ այս հարցը բարձրացրել է դպրոցում, տնօրենն ասել է, որ դա նախարարության մտահղացումն է, և իրենք չեն կարող ոչինչ փոխել։
«Տնօրենին ասում եմ՝ մենք մի սերունդ ենք, մեր ժամանակների համեմատ սա խայտառակություն է, ինձ հետ համաձայնվել է, բայց ասում է՝ «ես ի՞նչ կարող եմ անել»: Իհարկե՛ հասկանում եմ, ոչինչ, բայց ի՞նչ է սա։ Ո՞վքեր են են Ռաման ու Սիտան, կամ Իմհոթեփը, Թոթը և Մաաթը»,- զարմանում է աշակերտի մայրը։
Մարինեն մի քանի ժամվա մեջ աչքի տակով անց է կացրել ամբողջ գիրքը, հիմա ահազանգում է՝ Հայաստանի մասին խորացված տեղեկություններ չկան, փոխարենն աշխարհի մասին՝ որքան ասես։
Հունան Թադևոսյան