Այնքան դաժան ու դժվար օրեր էին, որ ուրախանում էինք, երբ դիակը հասնում էր ծնողին

Այնքան դաժան ու դժվար օրեր էին, որ ուրախանում էինք, երբ դիակը հասնում էր ծնողին

«Երբ տանը խոսքը գնում էր իր ամուսնության մասին, միակ ու հասկանալի պատճառը բերում էր երկրի անկայուն իրավիճակը։ Բոլոր պատերազմներում Խաչատուրն առաջին գծում էր: Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, արժանացել «Մարտական ծառայության համար» և «Արիություն» մեդալներին»,- որդու մասին MediaHub-ի հետ զրույցում պատմում է Վասիլի Ղալայանը։ 

Խաչատուրը զինվորական էր, հոր խոսքով՝ ամենապատասխանատու դիրքերում է ծառայել.
«Մարտակերտի ու Ասկերանի շրջաններն իրար միացնող դիրքն ադրբեջանական հենակետից չնայած հեռու էր ընդամենը 18 մետր, վախ չուներ»։

Պայմանագրային զինծառայող, վարորդ Խաչատուր Ղալայանը 39 տարեկան էր։ 2023 թվականի սեպտեմբերին հայրենի Վանք գյուղի «Նարեշտար» կոչվող հատվածում էր։

«Պատերազմը սպասվածից շատ ավելի դաժան էր։ Հրետակոծվում էր նաև երբեմնի ամենախաղաղ գյուղը՝ Վանքը։ Հետախուզական ջոկատի հերթափոխի անձնակազմին Խաչիկը տարել է դիրքեր, հետ եկել ու «բուխանկա» ՈՒԱԶ-ով զենք-զինամթերք բարձել, որ հասցնի տղերքին, բայց մնացել է «զասադի» մեջ, ադրբեջանական զորքն անցել էր հայկական դիրքերի թիկունքը, այնտեղ էլ սպանվել է դիպուկահարի կրակոցներից։ Մենք նրա հետ նույնիսկ չկարողացանք խոսել, գոնե վերջին անգամ բառ փոխանակել»,- ափսոսում է հայրը։ 

Սեպտեմբերի 20-ի առավոտյան Վանք գյուղը ևս տարհանվել է։ Վասիլին, որ գյուղի մանկապարտեզի վարորդն էր, ավտոբուսով տարհանել է մարդկանց՝ մի քանի անգամ Իվանյանի օդանավակայան-Վանք և հակառակ ուղղությամբ երթուղով։ Որդու զոհվելու լուրն առնելուց հետո մեր զրուցակիցը դիմել է բոլոր հավանական կառույցների պատասխանատուներին, որպեսզի դիակն իջեցնեն դիրքերից։ Ադրբեջանցի սպան խոստացել էր, որ դա հնարավոր է։

«Կրակն արդեն դադարել էր, դիրքերից կամաց-կամաց իջեցնում էին շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին ու վիրավորներին։ Գնացինք Վանք, 4-5 ժամ այնտեղ սպասեցինք, շտապ օգնության մեքենան դատարկ վերադարձավ։ Ասացին՝ «հնարավոր չի եղել, թույլ չեն տվել»։ 2-րդ փորձն արեցինք սեպտեմբերի 23-ին։ Երբ հասա մեր գյուղ, նկատեցինք թշնամու հարյուրների հասնող զորքին, որ մեկ գծով քայլում էին գետի հակառակ կողմով։ Որոշ ժամանակ մնացինք, բայց քանի որ մեր մնալը վտանգավոր էր դառնում, վերադարձանք»։ 

Խաչատուրի դիակը գետի մեջ է եղել, հայրն ասում է՝ երևի հենց դա է եղել պատճառը, որ դեմքը ճանաչելի էր։ Նրան իջեցրել են զոհվելուց 4 օր անց փրկարարների օգնությամբ։ 

«Այնքան դաժան ու դժվար օրեր էին, որ ուրախանում էինք, երբ դիակը հասնում էր ծնողին։ Գնացի սոցապնախարարություն, որ ապահովեն, դիերը Հայաստան տեղափոխենք։ Այնտեղ ասացին, որ հուղարկավորումները կատարվում են Ստեփանակերտում։ Ես ասացի, որ առանց իմ տղայի ոչ մի տեղ չեմ գնալու։ Ստորագրահավաք կազմակերպեցի մորգի բակում, 5 րոպեում 57 ծնող ստորագրեց, դրանից հետո նոր դադարեցրին հերձումներն ու տղերքին տեղափոխեցինք Հայաստան։ Խաչատուրը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում», - պատմում է Վասիլին։ 

Սեպտեմբերի 27-ին Ղալայանները ևս բռնեցին գաղթի ճանապարհը։ Որդու մեքենան տեղափոխելու հնարավորություն չի ունեցել, քանի որ համագյուղացիները խնդրել են ավտոբուսով գնա, իրենց էլ տարհանի։ Խաչատուրը Ղալայան ամուսինների 5 զավակներից ավագն է։ Վերջին անգամ նա մոր հետ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ։ Մինչ օրս էլ զինվորական որդու ձայնը, շունչը, հաճելի պատումներն ու լուսանկարներն են ապրեցնում ընտանիքի անդամներին…

Հունան Թադևոսյան