Անորոշությունից գոռում էի՝ «իմ Վարդանին եմ ուզում»․ որդուս բացակայությամբ մենք որբացանք...

Ընդամենը 20 տարեկան էր Վարդան Բաղմանյանը, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Լինելով պայմանագրային զինծառայող, Վարդանն առաջիններից մեկն է արձագանքել “համար 1” հրամանին և բարձրացել դիրքեր։
Մայրը՝ տիկին Սուսաննան, MediaHub-ի հետ զրույցում ափսոսանքով ասաց, որ որդու 21-ամյակը նշել են «Եռաբլուր»-ում....
«Վարդանը տանն էր, իր հանգստի օրն էր, “համար 1” տվեցին՝ գնաց։ Պայմանագրային հիմունքներով Դրմբոնի «շտուրմավոյ» զորամասում էր ծառայում, Քյոխի մոտ։ Երբ ինքը գնաց, կեսօրին սկսվեց պատերազմը։ Իմ աղոթքները տեղ չհասան, անընդհատ նայում էի մեր գյուղի՝ Վաղուհասի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, աղոթում, որ տղայիս բան չպատահի, բայց ինձ համար այլ ճակատագիր էր գծված։ Վարդանս էլ զոհվեց»,-արտասվում է մայրը։
Սեպտեմբերի 19-ին Վարդան Բաղմանյանն իր զինակից ընկերների հետ մարտական գործողություններ են իրականացրել Կիչան գյուղի հարակից դիրքերում։ Մայրը պատմում է, որ տնից գնալուց հետո նրա հետ կապի դուրս չեն եկել, չէր ստացվում։
«Ծանր գիշերը լուսացնելուց հետո, սեպտեմբերի 20-ին Վաղուհասն ու հարակից գյուղերը տարհանվել են։ Մեզ տարել են Դրմբոն, այնտեղ հազարավոր մարդիկ կային, մի քանի ժամ մնալուց հետո մեզ տարան Իվանյանի օդանավակայանի տարածք։ Ես ամենուր որդուս էի փնտրում։ Ինչ զինվորական տեսնում էի, վազում էի հարցուփորձ անում։ Գոռում էի անորոշությունից, ես իմ Վարդանին էի ուզում։ Այնտեղ բոլորն ինձ պես խելագարված իրենց «Վարդաններին» էին փնտրում։ Մեր համագյուղացիներից մի քանի հոգի գիտեին եղելության մասին, բայց ինձ բան չասացին։ Հետո երևի ինձ խղճացին, ասացին, որ Վարդանը զոհվել է։ Նրան գտա Ստեփանակերտի դիահերձարանում»։
Տիկին Սուսաննայի խոսքով՝ Ստեփանակերտում էլ խուճապային էր իրավիճակը։ Մի մասն իրենց որդիներին ճարահատյալ հուղարկավորում էին «Եղբայրական հուշահամալիր»-ում, իսկ նրանք, ովքեր վառելիք ունեին՝ բերում էին Հայաստան, «մի մասն էլ ինձ նման չգիտեր ինչ աներ».
«Ասացի, եթե այլևս Ստեփանակերտը հայերի հսկողության տակ չի լինելու, ես ամեն ինչ կանեմ, որ Վարդանիս տեղափոխեմ: Հակառակ նրա, որ «մորգում» տեղ չկար, դժվարությամբ, բայց տեղափոխեցինք»,-պատմում է մինուճարին կորցրած կինը։
Վարդանի դպրոցն ավարտելուց հետո, Բաղմանյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից տեղափոխվել ու մինչև 2020 թվականի պատերազմն ապրել են Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղում։ Ընտանիքը նորից վերադարձել է Վաղուհաս։ Տարիներ առաջ տան հայրը՝ Ռաֆայելը մահացել էր։ Մայրն ասում է, որ ընտանիքի եկամուտը վերջին տարիներին Վարդանն էր ապահովում։ Տան միակ որդին շատ երազանքներ ու նպատակներ ուներ, «մեկ-մեկ խոսում էր դրա մասին, բայց հիմնականում քչախոս էր.
«Ծնողամեծար տղա էր, հիմա իր բացակայությամբ մենք ենք մեզ որբ զգում»։
Բաղմանյանները տեղահանվելուց հետո ապաստանել են Էջմիածնում։ Բնակվարձերը թանկ լինելու պատճառով Սուսաննան իր մոր, ուսանող դստեր հետ առայժմ ապրում են հանրակացարանային պայմաններում։ Աշխատանք չունեն, փոխարենն օր օրի ավելանում են սոցիալական խնդիրները, որը ժամանակին հոգում էր հերոս որդին՝ Վարդան Բաղմանյանը։
Հունան Թադևոսյան