Գեներալ Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Գեներալ Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ  արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:

Բալասանյանը նշել է, որ այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը, և ընդգծել, որ այդ հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000-ն արցախցի է եղել:

«29 ղարաբաղցիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձել է Փառքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով...»,- նշել է նա։

«Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր):

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ»,- ի թիվս այլնի՝ նշել է Վիտալի Բալասանյանը: