Արտահերթ ընտրություննե՞ր․ ո՞ւմ գաղափարն է դա

Արտահերթ ընտրություննե՞ր․ ո՞ւմ գաղափարն է դա

«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց, բնականաբար, դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- երեկ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանը նման պնդում անում է երկրորդ անգամ, առաջին դեպքում՝ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել Արցախի մասին շոկային հայտարարություններով։

Հովիկ Աղազարյանը թիմային մարդ է, եթե Փաշինյանի «դաբրոն» չունենար, նման միտք չէր արտահայտի, այն էլ մի քանի անգամ։ Հակված եմ ենթադրել, որ Փաշինյանն Աղազարյանի միջոցով, այսպես ասած, զոնդաժ է անում։
Հնարավոր են նման զոնդաժի երկու տարբերակներ։

Առաջին, Փաշինյանը գիտակցում է ընդդիմադիր տրամադրությունների աճը ու փորձում է լիցքաթափել մթնոլորտը` արտահերթ ընտրությունների «օդում կախված» խոստումով։ Ընդ որում, այս պարագայում՝ խնդիրը ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացումն է, այլ նման հնարավորության մասին խոսելով՝ ընդդիամդիր տրամադրությունների գեներացիայի կանխումը։

Երկրորդ տարբերակն այն է, որ Փաշինյանն ինքն է փորձում գեներացնել ընդդիմադիր տրամադրություններ, նախադրյալներ ստեղծել արտահերթ ընտրությունների անցկացման համար, որովհետև ԼՂ խնդրի շուրջ վտանգավոր զարգացումները նրա համար այլընտրանք չեն թողնում։

Իհարկե, տեսական նման տարբերակ կա։

Սակայն նման տարբերակը կիրառելի է պետական մտածողություն ունեցող գործիչների համար։ Փաշինյանը քանիցս ապացուցել է, որ իր համար էականը սեփական իշխանության պահպանումն է։

Մնում է ենթադրել, ի՞նչ նպատակ ունի Փաշինյանի զոնդաժը։

Վահրամ Բագրատյան