Երկբևեռ հասարակության ոդիսականը

Ուրբաթ օրը միջադեպ է գրանցվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ:
Միջոցառման մեկնարկին, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը, ոճաբան Արամ Նիկոլյանը մոտեցել է բեմահարթակին, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն ու այրել:
Այս իրադարձությունից անմիջապես հետո Հայաստանի հասարակությունը դարձյալ փոթորկվեց, երկփեղկվեց իր դիրքորոշումներում:
Հիմնականում իշխանության կողմնակիցները նշում են, որ այս ակցիան հարվածելու է երկրի վարկին՝ առանց քաղաքական որևէ դիվիդենտի: Իհարկե, նրանց մի քանի մտահոգություններ իրականություն դարձան՝ Ադրբեջանը հետ կանչեց իր մարզիկներին ու Հայաստանի դեմ արշավ սկսեց միջազգային կառույցներում, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան խստորեն դատապարտեց Երևանում տեղի ունեցածը:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Երևանում թշնամական դրոշ այրելը համարժեք քաղաքական ակցիա է, ավելին՝ համարում ենք, որ ակցիայի նման դրսևորումներն ավելի շատ բնորոշ են ժողովուրդների, որոնք չունեն պետություն:
Բայց արդյո՞ք Հայաստանում պետական վիճակ է, իսկ արդյո՞ք Արամ Նիկոլյանի ակցիան ուղղված չէր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ հենց Հայաստանի իշխանության պարտվողական քաղաքականության, հասարակական կարծիքն անտեսելու մարտավարության հետ:
Հասարակության մի զգալի մասն Արամ Նիկոլյանին աջակցում է՝ հենց այս նկատառումներից, մոտիվներից ելնելով:
Դեպքին անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի առաջնության կազմակերպումը ղեկավարող Արայիկ Հարությունյանը։
«Ամեն դետալ քննարկել էինք, հաշվի էինք առել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը՝ հավելելով. «Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը: [....] Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին»։
Հարությունյանը, մեղմ ասած, կեղծում է:
Հայաստանի կառավարությունը հաշվի չէր նստել առաջին հերթին հասարակության զգացումների հետ, որը չէր կարող այս ծանր իրավիճակում հաշտվել այն իրողության հետ, որ Երևանի կենտրոնում Ադրբեջանի դրոշ է բարձրացվելու: Հատկապես, երբ ընդամենը երեք օր առաջ Տեղ գյուղում այդ ատելի դրոշի ներկայացուցիչները սպանեցին չորս հայ զինծառայողի, իսկ Արցախը արդեն չորս ամիս է շրջափակված է...
Ու նաև հաշվի չէր առնվել այլ կարևոր հանգամանք՝ բոլոր ոլորտներում ձախողված կառավարությունը չէր կարող ապահովել նման կարևոր միջազգային միջոցառման անվտանգությունը:
Վահրամ Բագրատյան