Ադրբեջանի մեկնաբանությունները ստացել ենք, ողջամիտ ժամկետում կպատասխանենք․ Փաշինյան
Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է մնալ լարված։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժը Հայաստանի և ԼՂ-ի հետ շփման գծի ողջ երկայնքով։
«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարերով, շարունակում են Կոռնիձորում մնալ»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը վերացնելու մասին, ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար։
«Այս բանակցություններում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար հուսալի միջազգային մեխանիզմներ կստեղծվեն։ Մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երախավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, ինչը և ֆունդամենտալ պայման է զարգացման համար։
«Այս իմաստով նաև հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի համար կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը»,- ամփոփեց խոսքը Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։