Կրթության զարգացման ծրագիրը ձևի մասին է, այլ ոչ՝ բովանդակության․ փորձագետ

Կրթության զարգացման ծրագիրը ձևի մասին է, այլ ոչ՝ բովանդակության․ փորձագետ

Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Այն, ըստ մասնագետների, իրագործելի չէ։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ մասնագիտական հանրույթը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, որոնք որևէ կերպ չեն ընդունվել, և նախագիծը կառավարություն է բերվել այն տեսքով, ինչով դրվել էր հանրային քննարկման։

«Այս նախագիծը ես գնահատում եմ որպես լավագույն ցանկությունների մասին փաստաթուղթ։ Ընդ որում, մենք այնքան հեռու ժամանակի մասին ենք խոսում, որ մինչև այդ ժամանակն այսօրվա կառավարության անդամներից որևէ մեկը չի լինի կառավարության կազմում, և որևէ պատասխան չի տա այս փաստաթղթում առկա կետերի չիագործման համար»,- ասաց փորձագետը։

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ այդ փաստաթղթում առկա նպատակները հնարավոր չի լինի իրագործել այն ռեսուրսներով, որ ունի Հայաստանը։

«Մասնավորապես, խոսքը ակադեմիական քաղաքի ու նոր բուհեր ստեղծելու մասին է։ Նախ, այդ ակադեմիական քաղաքը վերացական հասկացություն է, քանի որ այն չի ենթադրում շենքեր կառուցել, որոնք դուրս կլինեն Երևանից։ Իսկ մեզ մոտ միայն այդ շենքերի մասին է խոսվում, իսկ բովանդակության մասին որևէ մեկը չի մտածել, քանի որ բուհը միայն շենքը չէ, այլ այնտեղ սովորող ուսանողներն ու աշխատող դասախոսներն են։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ մարդկային պոտենցիալը, պարզ է, որ մյուս բուհերից։ Դա նշանակում է` քանդել այն համակարգը, որ գոյություն ունի և ստեղծել ինչ-որ նոր բան, որի մասին այդքան էլ լավ պատկերացում մենք չունենք»,- նկատեց Մխիթարյանը։

Կրթության ոլորտի փորձագետի դիտարկմամբ՝ այս ծրագիրն ավելի շատ վնասելու է գործող համակարգին։

«Իսկ նոր բուհեր ստեղծելու հարցը ոչ թե լրիվ նոր բան կառուցելու ծրագիր է, այլ ինչ-որ բուհեր փակելու կամ օպտիմալացնելու։ Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ընդունելությունը շատ ցածր մակարդակի վրա է, և այդ բուհերը հայտնվում են փակման վտանգի տակ։ Իսկ այս նախագիծը գալիս է ուղղակի օրինականացնելու այդ գաղափարը։ Այսինքն՝ որոշ բուհեր կմիավորվեն և կստեղծվի իբր թե նոր բուհ»,- նշեց Մխիթարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ իրականությունը, որտեղ մենք ապրում ենք, թույլ չի տալիս խոսել նման ծրագրի մասին, ուստի, բերված նախագիծը ձևի մասին է։

«Խոսվում է ՀՀ-ում լավագույն բուհ ունենալու մասին։ Դա նշանակում է, որ պետք է ունենալ միջազգային ուսանողներ, ունենալ շատ բարձր մակարդակի հետազոտողներ, որոնք տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում, առողջ փոխհարաբերություններ ունեն բիզնեսի և աշխատաշուկայի հետ։ Այս բոլոր չափանիշները բավարարելու համար անհրաժեշտ է նաև լուրջ ֆինանսավորում, որովհետև աշխարհի լավագույն բուհերի տարեկան բյուջեն համեմատական է ՀՀ պետական բյուջեին։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք այդպիսի բան անել, պետք է մտածենք, թե որտեղից ենք ռեսուրսներ բերում»,- եզրափակեց խոսքը Ատոմ Մխիթարյանը։


Նարե Գևորգյան