Եղջերուներ կերակրելով` պետություն և սահման չեն պահում

Եղջերուներ կերակրելով` պետություն և սահման չեն պահում

Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա հումոր չէ՝ սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է: Փաստորեն, թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեպքում հայկական սահմանները պետք է պաշտպանի ժողովրդավարությունն, այլ ոչ թե մարտունակ բանակը: Երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնը՝ հզոր բանակն է, ամուր սահմաններն ու աճող տնտեսությունը՝ երեք գործոններն էլ ՀՀ-ում ՔՊ-ականների օրոք բացակայում են կամ կազմաքանդվում: 

Եղջերուներ կերակրելու փոխարեն Փաշինյանն ավելի լավ է զբաղվեր բանակի և սահմանների ամրապնդման և Բաքվից հայ ռազմագերիների վերադարձնելու հարցերով: Էժանագին փիառն այլևս ՀՀ հպարտ, բայց 2018թ.-ից ամեն օր խաբվող քաղաքացիների մոտ միայն զզվանք է առաջացնում: ՔՊ-ականների ցանկացած գրառում սոցցանցերում կամ տեսանյութի տեղադրում վերածվում է մեմերի՝ ՀՀ քաղաքացիները ծաղրում են գործող իշխանություններին: 

Ժողովրդավարությունը ՔՊ-ի օրոք հերթական ֆեյքն է, որով նրանք ցանկանում են «կերակրել» ՀՀ աղքատ քաղաքացիներին և սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն կրկնում են ժողովրդավարության և խաղաղության դարաշրջանի մասին ոչինչ չասող կենացները:

ՔՊ-ականները կարող են լավ թամադայություն անել՝ հարսանիքներ վարել՝ մաղթել զույգերին երջանկություն, բարեկեցություն, առողջություն, սակայն պետության կառավարման բարդ գործը նրանց վստահել չի կարելի: 2018թ.-ից ի վեր ՔՊ-ի քայլերը խոսուն փաստեր են, թե ինչ են կարողանում անել «քայլածները»՝ հետապնդել այլախոհներին, հարստացնել սեփական թիմակիցներին և երկրի բոլոր առանցքային պաշտոններում նշանակել ՔՊ-ական «ունիկալ» կադրերին:

Վահրամ Բագրատյան