Բաքվի մեսիջները՝ մեզ ու աշխարհին. ի՞նչ է ուզում Ալիևը 

Բաքվի մեսիջները՝ մեզ ու աշխարհին. ի՞նչ է ուզում Ալիևը 

Օրեր առաջ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ, որը հայ հասարակության համար քննարկման, շատերի համար, ցավոք, ուրախանալու առիթ էր դարձել։ 

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նշեց, որ Բաքվի կողմից նման գործողությունները տեղեկատվաքարոզչական նպատակով են և ուղղված են հայկական լսարանի դեմ, ու նաև հենց ադրբեջանական ներքին լսարանի համար։ «Այդ քայլով Բաքվի ռեժիմը ադրբեջանական լսարանին ցույց է տալիս, թե տեսեք, ես հաղթել եմ պատերազմում և գերեվարել եմ Արցախի նախագահներին և նրանք կրում են իրենց համապատասխան պատիժը։ Իսկ արտաքին լսարանին Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ որևէ գործողություն իր ինքնիշխանության դեմ, համապատասխան ձևով արժանանալու է այս արձագանքին, այսինքն, բոլոր կազմակերպիչներն արժանանալու են նույն բախտին։ Սա փորձ է չեղարկելու հայկական կողմի ռևանշիստական մղումները»,- նշեց քաղաքագետը։ 

Ազիզյանը խորհուրդ է տալիս նման դեպքերում էմոցիաներին տրվելու փոխարեն սառնասրտություն ցուցաբերել։

«Որքան դա տարբեր մեկնաբանությունների առարկա դառնա, միևնույն է, մեզ համար շատ դաժան է տեսնել այդ լուսանկարները։ Պետք է հասկանանք, որ Բաքվում պահվող անձինք եղել են Արցախի ղեկավարները, պաշտոնյաներ, հրամանատարներ, և այս առումով անընդունելի է ցանկացած մեկնաբանություն, որը կարող է կասկածի տակ դնել այդ մարդկանց պայքարի ցանկությունը, քանի որ վստահ ենք, որ նրանցից ոչ ոք չէր ցանկանա որ Արցախն ու արցախահայությունն արժանանային այս բախտին»,- շեշտեց Ազիզյանը։

Քաղաքագետը նաև նշեց, որ Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ բոլորն էլ ունեն իրենց սխալները, և այդ սխալների տրամաբանական հաջորդականությամբ Արցախն այսօր արժանացել է այս ճակատագրին։ 

«Ընդունենք ու ընկալենք, որ բոլորն էլ կցանկանային, որ Արցախը լիներ կանգուն, շատ ավելի հզոր բանակ ունենար, ավելի մեծ տարածքներ։ Կատարվածը բոլորի թույլ տված սխալների արդյունք է։ Մենք մեղավորությունն, այո՛, մեր մեջ ենք փնտրում, բայց դրանք կապված են նաև արտաքին մի շարք գործոնների հետ և դրանց դեմ պայքարելն այդքան էլ մեր հնարավորությունների սահմանում չէ, ուստի արցախցի պաշտոնյաների դեմ ուղղված քարոզչություններն անընդունելի են»։ 

Վերջին այս քարոզչական օպերացիայի շրջանակում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների պահման վայրում չցուցադրվեցին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Քաղաքագետը ենթադրեց, որ Բաքուն միտումնավոր չէր ցանկացել հանրայնացնել՝ հավանաբար հաշվի առնելով նրանց առողջական վիճակն ու մի շարք հանգամանքներ։ 

«Իսկ այն լուսանկարները, որոնք արդեն ցուցադրվել են, դա ինչ-որ տեղ ստիպողաբար է նկարահանված և ֆիկտիվ բնույթ է կրում՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար»,- ասաց նա՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե արցախցի նախկին պաշտոնյաները ժպտում են լուսանկարներում։ 

Մեր զրուցակիցն ասաց, որ ժամանակին բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր այդ կարգավիճակում: «Դա լյուքս բանտախուց էր կոչվում, որը նախատեսված է միայն լուսանկարելու համար։ Իրեն էլ են «օգնել», որ գրադարանում լուսանկարվի։ Այսինքն, տարբեր մեխանիզմ են կիրառում, որ մարդիկ անեն այն, ինչ իրենք են ուզում, օրինակ՝ լուսանկարվելուց ժպտան, գիրքը վերցնեն իրենց ձեռքը և այլն»,- հավելեց Ժիրայր Ազիզյանը։

Հունան Թադևոսյան