Նմանները չպետք է գտնվեն ազատության մեջ. Մհեր Ենոքյանին ազատելու օպերացիան մտնում է վերջին փուլ

Նմանները չպետք է գտնվեն ազատության մեջ. Մհեր Ենոքյանին ազատելու օպերացիան մտնում է վերջին փուլ

Հունվարի 30-ին տեղի կունենա Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի վահաժամ ազատ արձակելու գործով դատական նիստը։ 

Արդեն երեք տասնամյակ այս աղմկահարույց գործը հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: 

MediaHub-ի հետ զրույցում Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ասաց, որ դատական նիստին ընդառաջ շատ բացասական են տրամադրված.

«Իմ կարծիքը խիստ բացասական է, ես գտնում եմ, որ նման արարք կատարողները պետք է չգտնվեն ազատության մեջ։ Նա պատրաստ չէ հասարակության մեջ ապրել, ոչ մեկ ապահովագրված չէ, որ նա նույն մտքերով չի ապրելու»,- ասաց Աղաջանովան։

Նա կրկնեց, որ իրենց դիրքորոշումը խիստ բացասական է։ Դիտարկմանը, թե վերջին մեկ տարվա ընթացքում Մհեր Ենոքյանը կիսաբաց ռեժիմի պայմաններում էր կրում պատիժը, արդյո՞ք մտավախություն չունեն, որ դատական համակարգը պատրաստ է ազատ արձակել դաժան սպանություն կատարած հանցագործին, մեր զրուցակիցը նշեց․ «Դժվար է ասել, թե ինչ որոշում կլինի։ Ես հույս ունեմ, որ գոնե կհասկանան, լրիվ բաց թողնել չի կարելի և իմաստ չունի։ Հիմա այն ազատ ռեժիմը, որ կա, դա էլ բավականին շատ է մարդասպանի համար»։

Ելենա Աղաջանովան ասաց, որ ներկա է լինելու դատական նիստին։

Հիշեցնենք, քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: 

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լուրեր տարածվեցին, թե նա պատրաստվում է ներում շնորհել Ենոքյանին, սակայն աղմուկը, որ բարձրացավ այդ լուրից հետո, թերևս, ետ պահեց իշխանությանը: Սակայն Մհեր Ենոքյանի կյանքում, այդուհանդերձ, Փաշինյանի իշխանության գալը միայն դրական ազդեցություն ունեցավ, քանզի ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործի պատժի ռեժիմը  2022 թվականից փոխվեց՝ կիսաբաց ռեժիմից տեղափոխվեց ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։

Մարիաննա Արամյան