Վրաստանում գլխատել են Ստալինի արձանը

Գորիի շրջանի Վարիանի գյուղում գլխատել են Ստալինի արձանը: Դա քաղաքացիական ակտիվիստների ակցիան էր, որոնք կոտրել են արձանի այդ մասը մուրճով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա-ն»:
Փետրվարի 19-ին Ստալինի արձանը տեղադրվել էր մասնավոր տարածքում՝ ռեստորանի հարեւանությամբ, որը պատկանում է Գեորգի Կանդելակիին՝ գործարարին, որը սերտ կապեր ունի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ, իսկ նախկինում եղել է հայտնի բռնցքամարտիկ:
Արդեն հաջորդ օրը, երբ ԶԼՄ-ներում հայտնվել էին արձանը տեղադրելու մասին լուրերը, քաղաքացիական ակտիվիստները արձանի վրա կարմիր ներկ էին լցրել:
Ըստ նոր լուսանկարի՝ գիպսե արձանը դարձյալ ներկել էին բրոնզագույն երանգով:
Ստալինի հայրենիքում՝ Գորիում, ինչպես նաեւ մերձակա գյուղերում նախկինում նույնպես գրանցվել են կոմունիստական առաջնորդի արձանները կամ կիսանդրիները տեղադրելու եզակի դեպքեր: Գրեթե բոլոր այդ օբյեկտները վաղ թե ուշ քաղաքացիական ակտիվիստները լցրել են կարմիր ներկով կամ վնասել այլ միջոցներով:
Այս անգամ Վարիանիի մի քանի բնակիչներ լրագրողներին ասել են, որ դեմ չեն հուշարձանի տեղադրմանը, քանի որ իրենց գյուղում «հարգում են Ստալինին»: Սակայն Գորիի այլ բնակիչներ, ինչպես նաեւ Վրաստանում սոցիալական ցանցերի հարյուրավոր օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել արձանը տեղադրելու կապակցությամբ: Նրանք գրել են, որ ծնունդով Վարիանիից էր գրող եւ հասարակական գործիչ Յակով Գոգեբաշվիլին, իսկ «հակավրացական բռնապետի» արձանն այդտեղ չպետք է գտնվի:
2011թ. Վրաստանում ընդունված «Ազատության խարտիան» արգելում է խորհրդանիշերի կիրառումը, որոնք քարոզում են կոմունիստական եւ ֆաշիստական գաղափարախոսությունը, նշում է տեղեկատվական գործակալությունը: