Էլ ի՞նչ է պահանջում Ալիևը 

Էլ ի՞նչ է պահանջում Ալիևը 

Նոր տարվա առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը սկանդալային իրադարձությունների կիզակետում է: Դպրոցական կախիչների, մարզպետների պաշտոնանկության, ցնցուղի թեմաները դեռ չէինք մարսել, երբ տեղի ունեցավ Ալիևի ագրեսիվ ասուլիսը:

Դրան Երևանի ուշացած պատասխանում բովանդակություն չկար, բացի այն արձանագրումից, որ խաղաղության գործընթացը տապալված-վտանգված է:

Բայց Փաշինյանն անցած շաբաթ արդարադատության նախարարության իր հայտնի ելույթն ունեցավ հենց Ալիևի ասուլիսի հետքերով՝ Ադրբեջանի իր գործընկերոջ խոսքերի բովանդակությունը վերահաստատելու տրամաբանությամբ:

«Պետք է ունենանք Սահմանադրություն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, ինչը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»,- օրեր առաջ ասում էր Փաշինյանը:

Ոչ մեկիս հիշողությունը չի մթագնել. առաջին անգամ Հայաստանի նոր Սահմանադրության պահանջ, որտեղ պիտի բացառվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ որևէ հավակնություններ, Հայաստանի առջև դրել է Ալիևը՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի օրն ունեցած իր ելույթում:

Երեք տարի անց Փաշինյանը կրկնում է Ալիևին, ավելի ստույգ՝ կատարում է նրա հերթական պահանջը:

Ավելին, Փաշինյանն ավելի առաջ է գնում՝ հնչեցնելով «իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը» վտանգավոր թեզը, ինչը ենթադրում է, որ Հայաստանի հասարակությունը վարժեցվում է մի տեսլականի, երբ «մեծ» ու «անիրական» է համարվելու անգամ 29800 քառակուսի կիլոմետրը:

Այո, 44-օրյա պատերազմը, պարտությունը շատ բան են փոխել մեր կյանքում. մեր պետականության հիմնադրույթները նորովի ձևակերպելու անհրաժեշտություն ունեինք, սակայն դա պետք է արվեր ոչ թե Ալիևի պահանջով, այլ մեր հանրային, քաղաքական դիսկուրսի, կոնսենսուսի արդյունքում:

Փաշինյանն ընտրել է Հայաստանն Ադրբեջանի կցորդ դարձնելու ճանապարհը: Ընտրության հերթը հասարակությանն է:

Վահրամ Բագրատյան