Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։
«Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն, սպասում է Ադրբեջանի պատասխանին։
Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրել էր. «Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում, 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ, որ Հելենի մարմինը տեղափոխվի, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով, հուղարկավորության համար»։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել. «Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը»։
Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):