Համատարած անգրագիտությունը նոր աղետներ է բերելու․ Աստծո խոսքը կատարվում է

Լուսանկարը «LE MONDE»-ի
«Երկրագնդին սպասվող աղետների մասին երբ գրառումներ էի անում իմ ֆեյսբուքյան էջում, ինչքան հակաքրիստոնեական բառ կա որակում էին ինձ՝ գուշակ, պայծառատես, էքստրասենս.․․ մի խոսքով։ Բայց ես բոլորին ասում էի՝ «Աստվածաշունչ կարդացեք ու կտեսնեք, որ կյանքի գրքում ամեն ինչ գրված է պարզ ու հստակ»։ Հիմա էլ եմ ասում՝ մեծ աղետ է սպասվում, քարը քարի վրա չի մնալու երկրում․․․ Ու սա բոլորիս մեղքերի պատճառով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ՊԲ նախկին զինծառայող, արցախցի Գայանեն։
Տեղահանվելուց հետո նա ապաստանել է Տավուշի մարզում։ «Արցախիս նման է, մարդիկ էլ, ի տարբերություն մյուս բնակավայրերի՝ ավելի մեզ նման են, բնության հետ հաշտ են ապրում»,- ասում է նա։
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նա միացել է զորքին, Հարավ գյուղի ուղղությամբ, միասին մարտ են վարել։
«Սարսափելի ժամանակներ էին, որ թվում է չեն վերջանա։ Մեկ տարի առաջ այս օրերին կիսասոված, քիչ վառելիքով, ուժասպառ եղած վիճակում էինք։ Բայց տագնապ հրամանով հաճախ էինք դիրքեր բարձրանում։ Սեպտեմբերի 19-ին սպասում էի Հարավից թոնրահաց գնեի ու իջնեի քաղաք։ Չհասցրեցի, որովհետև առավոտյան հենց Հարավից սկսվեց պատերազմի նախերգանքը»։
ՊԲ ստորաբաժանումները և աշխարազոր ուժերը բոլոր ուղղություններում հրաշալի մարտ են վարել։ Գայանեն ասում է, որ անձնակազմը կռվել է մինչև հրադադարի վերջին վայրկյանը, ցուցաբերել կատաղի դիմադրություն։
«Լավ տղաներ ենք կորցրել, իսկական հերոսներ․ ցավոք, այսօր նրանց անունները կամ չեն հնչում, կամ էլ այստեղ մի անգրագետ զանգված կա, որ ասում է՝ «արցախցիները փախել են, չեն կռվել»։ Սա ասում են այն մարդիկ, որ մոռացել են արդեն սեպտեմբերյան ահեղ մարտերը, որ Ադրբեջանը սկսեց ՀՀ պետական սահմանին՝ Ջերմուկի, Սյունիքի ուղղություններում։ Դա էլ հո՞ Արցախը չէր։ Հարցնում եմ՝ «սեպտեմբերյան պատերազմում քանի՞ զոհ ունեցանք», տեղյակ չեն, զարմացական հայացքով նայում են, ասում՝ «Հայաստանում ի՞նչ պատերազմ, դա Ղարաբաղի «44-օրյա»-ն էր», այլ պատերազմ չեն հիշում։ Ի վերջո այդ տղաները զոհվել են հանուն հավերժական հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք, ավելին՝ մոռացել ենք իրենց մասին։ Մենք ազգից վեր ենք ածվել հիշողությունը կորցրած ժողովրդի, և սա էլ ծրագիր է։ Աստծո խոսքը կատարվում է։ Մենք կուլ ենք գնում սատանայական խաղերին, կոդերին։ Սատանայի հետ գործարքի ենք գնում, ապագա չունենք։ Հիշո՞ւմ եք «Голодные игры» ֆիլմը, հիմա դա ռեալիզացնում են, իսկ արդյունքը մարդկության վերացումն է»։
Գայանեն կարծում է, որ համատարած անգրագիտությունը նոր աղետներ է բերելու։
«Միասնության, ազգային գաղափարախոսության, համազգային նպատակների պակաս կա։ Հիմա, երբ երկիրը բարձիթողի վիճակում է, ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում ասելու՝ «ղարաբաղցիք չեն կռվել, զենքերը հանձնեցին փախան»: Իսկ որ իմանային, թե ինչ դժոխքի միջով ենք անցել, որքան մարդկային կորուստ են պատճառել թշնամուն, այդ իմաստազրկված խոսակցությունը չէր լինի, մարդիկ էլ կգնահատեին Հայաստանի ու Արցախի հերոսների անցած ուղին»,- հավելում է նա։
Հունան Թադևոսյան