Դեպի Բերձոր տանող ճամփան սկսում է երկարել․ Տեսարժան վայրեր Բերձորում

Դեպի Բերձոր տանող ճամփան սկսում է երկարել․ Տեսարժան վայրեր Բերձորում

MediaHub.am-ը պարբերաբար  իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերն, ուր կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանիններորդ անդրադարձում Բերձորն է, Սյունիքի մարզի կարևորագույն հանգույցներից մեկը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո, իսկ ընդամենը օրեր անց կանցնի թշնամուն։

Այսօր արդեն շատ ճանապարհներ, կարծես փակվում են դեպի Բերձոր, զբոսաշրջային ընկերությունները դադարեցրել են տուրերն այս ուղղությամբ։

Արցախյան ազատամարտից հետո, երբ քաղաքն անցել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, սկսվել է հայկական մշակութային կառույցների, կոթողների շինարարություն:

1996 թվականին Բերձորում դեպի Շուշի քաղաք տանող ավտոճանապարհի աջ կողմում տեղադրվել է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի հոր՝ քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հեղինակած բազալտե արծվի քանդակը:

Բերձոր քաղաքում է գտնվում Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշահամալիրը, որն իրենից ներկայացնում է բազալտե վեր խոյացող երեք ընդարձակ սյուն, որոնց ստորին մասերում փորագրված են զոհվածների անունները։ Մոտակայքում տեղադրվել են նաև խաչքարեր:

1998 թվականին կառուցվել է հայկական առաքելական Սուրբ Համբարձման եկեղեցին:

2010 թվականին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում տեղադրվել է բազալտե խաչքար ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

2016 թվականին Բերձորի Խաղաղության հրապարակում բացվել էր «Մեր լեռների պես» անվամբ հուշակոթողը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին։ Այն իրենից ներկայացնում է բազալտե մեծ քար վերևի հատվածում քանդակված զինվոր, որը խորհրդանշում է սահմանապահ հայ զինվորին:

Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակում է գտնվում նրան նվիրված հուշակոթողը, որն իրենից ներկայացնում է մեծ քար, որի վրա փորագրված է Ազգալդյանի թևավոր խոսքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ․․․»:

Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված պուրակում է տեղադրված Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշակոթողը, որի վրա փորագրված է նրա թևավոր խոսքը՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: