1100 մարդ այս պահին մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխաներ․ Արցախի ՄԻՊ

Այս պահին Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Նրա խոսքով՝ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ, և խախտվում են մարդու իրավունքները։ 

«Մեկ օր է, ինչ խախտված է արցախցու իրավունքը, և դա արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Ալիևի ուղղորդմամբ ու հրահանգներով։ Շրջանառվող բնապահպանական թեզերը կեղծ են, մենք ունենք տեղեկություններ, որ ճանապարհը փակողները Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ են»,- ասաց նա։ 

Անդրադառնալով ադրբեջանական հանցավոր գործողությունների հումանիտար հետևանքներին՝ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս պահի դրությամբ 24 ժամից ավելի է՝ դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիրների և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում։ 

«Ահազանգեր ենք ստանում, որ բուժհաստատություններում մի քանի օրվա դեղորայքային պաշար կա, և այսպես շարունակվելու դեպքում այս հարցում շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու»,- ներկայացրեց Արցախի ՄԻՊ-ը։ 

Նա տեղեկացրեց, որ նույնը վերաբերում է սննդի ու դիզվառելիքի մատակարարմանը։ 

«1100 մարդ այս պահին մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք կտրվել են ընտանիքներից։ Սա ադրբեջանական կողմից դեպի մեզ ուղղված էթնիկ զտման, ցեղասպանության հերթական բաղադրիչն է»,- շեշտեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։