Ամուսինս ուժ է տալիս, որ օգնեմ իմ բախտակից ընտանիքներին

Արցախի հերոս Ալեքսանդր Հարությունյանին Ստեփանակերտում բոլորն են ճանաչում՝ «Ցորի Սաշկո» մականունով։ Կինը՝ Սևադան պատմում է, որ Ալեքսանդրը 16 տարեկան էր, երբ կամավոր սկզբունքով մասնակցեց արցախյան առաջին պատերազմին։
Ռազմական գործողություններին մասնակցելու համար տարիքը չէր համապատասխանում, անգամ նրա հայրը մի քանի անգամ գնացել ու տուն է բերել, Ալեքսանդրը աննկատ նորից գնացել է ավագ ընկերների մոտ ու անցել պատերազմի ողջ փորձություններով։ Զինադադարից հետո ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշով։ Նա ևս համալրել է ՊԲ շարքերն ու մասնակցել բանակաշինության գործընթացին։
«Պատերազմից 2 տարի անց մենք ծանոթացանք Ստեփանակերտում։ Ամուսնացանք, նա շարունակեց իր ծառայությունը, ես էլ տարբեր տեղեր աշխատեցի, որոշեցինք մեր առանձին տունը կառուցել։ Հետո սահմանին հաճախակի էին լինում դիվերսիոն փորձեր, հրադադարի խախտումներ, այնուհետև եկավ 2016-ի ապրիլյան քառօրյան, որին մասնակցել է նաև ինքն իր մարտական ընկերների հետ, պաշտպանել հայկական Թալիշ-Մատաղիս գյուղերը։ Ռազմական էսկալացիայից հետո մեր ավագ որդուն էլ է իր հետ տարել դիրքեր՝ ամրաշինական ու ինժեներական աշխատանքների համար»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Սևադա Հայրապետյանը։
Ալեքսանդրի ու Սևադայի որդին՝ Իվանը, բանակ զորակոչվելուց հետո շարունակել է հոր գործը՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզության գումարտակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ալեքսանդր Հարությունյանն արդեն զորացրված էր, բայց իր կամավոր ջոկատի հետ կանգնում է բանակի կողքին. պատասխանատվությունն ավելի մեծ էր, Իվանը ևս ռազմադաշտում էր։ «Ես, որպես սպայի կին, գուցեև զինվորի մայր, զգում էի, որ պատերազմ է լինելու։ Հաշվի էի առնում մեր երկրի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական իրադարձությունները, պարտության մասին եմ խոսել։ Սաշկոն չէր հավատում։ Հակառակը, միշտ ասում էր՝ «մեզ մի աչքո՞վ ես նայում»։ Երբ Հադրութն ու Ջրականը հայտնվել էին կրակի մեջ, Սաշան իր խմբով, Իվանն իրենց վաշտի անձնակազմի հետ այդ ուղղությամբ էին։ Ես ամբողջ գիշեր աղոթել եմ, որ Աստված խնայի մեր տղերքին»,- հիշում է Սևադան։
«Հոկտեմբերի 9-ի գիշերը ադրբեջանական բայրաքթարը հարվածում է ճանապարհին կայանված մեքենաներին։ Սաշան, որ ամենաշատն էր ուզում տեսնել հաղթանակը, ու չէր հավատում մեր բանակի պարտությանը, զոհվում է տեղում։ Նրա հետ մեկտեղ զոհվում են Արթուր Ամիրբարյանը, Բարսելոնայից՝ Արմեն Կնյազյանը, Երևանից՝ Արամը, շատ ու շատ վիրավորներ։ Ինձ ոչ ոք չասաց ճշմարտությունը, մինչև որ ֆեյսբուքը թերթեցի ու տեսա նաև ամուսնուս նկարը՝ ցավակցական տողերով։ Ես շարունակեցի Իվանի փնտրտուքները։ Մազերս ճերմակել են մի գիշերում։ Գիտակցումը, որ ամուսինդ չկա, որդուդ մասին լուր չունես, իսկ կատաղի մարտերը շարունակվում են....»,- ասում է նա։
Սևադան հիշում է, որ ամուսինը մի քանի անգամ խոսքի մեջ կես կատակ, կես լուրջ զգուշացրել է, որ եթե զոհվի, ապա իրեն հուղարկավորեն ընտանեկան գերեզմանոցում՝ հոր մոտ։ «Ցանկությունը կատարել եմ։ Հանչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը»։
2020-ից հետո Սևադան որոշում է կայացնում տեղափոխվելու Հայաստան։ Նրա զավակներն ուսանում էին Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, այստեղ տուն են վարձում, մինչև Արցախի շրջափակումը հաճախ այցելում Սաշային։
«Մեր պատուհանից Շուշին էր երևում, տանն էլ Սաշայի հուշանկյունում՝ մեդալներն էին, այդ թվում՝ «Շուշիի ազատագրման համար»։ Իմ տան մեջ ճնշվում էի։ Ես ևս տեղափոխվեցի Երևան, որովհետև ծանր էր ինձ համար, որովհետև արժեզրկված էր հաղթանակը, որին հասնելու համար նաև Սաշան էր մասնակցել»։
Հետո եկավ Արցախի պաշարումը, Ալեքսանդրի գերեզմանին այցելելու հնարավորություն ընտանիքը չուներ։ Դրան հաջորդած դեպքերն ու Արցախի հայաթափումը Սևադային հիասթափեցրել են։
«Փաստորեն 3 տասնամյակի մեր պայքարն անտեղի ու անիմաստ էր։ Հարցեր շատ կան, պատասխաններ ցավոք չկան, առավել ևս՝ պատասխանատվություն կրողներ»,- ասում է նա։
Արցախից Հայաստան տեղափոխված հայրենակիցների հոսքին հակառակ, Սևադան ուժ է գտնում իր մեջ, որ օգնի տնանկ ու ունեզուրկ իր հայրենակիցներին։
«Առաջարկ ստացա բարեգործական մի կազմակերպությունից ու լծվեցի աշխատանքի։ Զոհված ու անհետ կորած հերոսների ընտանիքներ, ծանր վիրավորում ու այրվածքներ ստացած մարդիկ։ Հասկացա, որ պետք եմ։ Երկամսյա այդ ծրագիրը կյանքի կոչելուց հետո, մարդիկ սկսեցին վստահել ինձ, ձեռք-ձեռքի՝ առ այսօր էլ շարունակում եմ այդ բարեսիրական առաքելությունը՝ արդեն սեփական նախաձեռնությամբ»։
Սևադայի խոսքով՝ այդ աշխատանքն օգնում է իրեն մեղմել հոգու ցավը, որ չի անցնում սիրելի ամուսնուն՝ Ալեքսանդր Հարությունյանին կորցնելուց հետո։ «Սաշան ուժեղ մարդ էր, հիմա ինձ ուժ է տալիս, որ ոչ միայն դիմակայեմ, չհանձնվեմ, չխելագարվեմ, այլ ինչ-որ մեկին էլ ես ձեռք մեկնեմ»,- հավելում է մեր զրուցակիցը:
Հունան Թադևոսյան