Բոլոր այդ գործողությունները, մի բան էլ՝ ավել, առաջիկայում տեղի են ունենալու. «Հրապարակ»

Բոլոր այդ գործողությունները, մի բան էլ՝ ավել, առաջիկայում տեղի են ունենալու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Ընդդիմությունը տեւական դադարից հետո՝ ապրիլի 5-ին, մեծ հանրահավաք էր կազմակերպել։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների երեքական պատգամավոր, որից հետո նրանք շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, փակեցին հրապարակը չորս կողմից եւ բարձրացրին Արցախի դրոշը։ Այնուհետ հայտարարվեց, որ այս խորհրդանշական հրապարակից էլ իրենք շարունակելու են պայքարը՝ մինչեւ հաղթական ավարտ։ «Այսքանով այսօր ավարտում ենք, պայքարը շարունակվում է, սիրելի հայրենակիցներ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Հավաքի մասնակիցներից ոմանք դժգոհ էին, որ իրենց տուն են ուղարկում՝ կոնկրետ գործողությունների առաջնորդելու փոխարեն։

ՀՀԿ անդամ, ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում հանրահավաքը, ինչ ազդակներ ստացան իրենք, եւ որոնք են լինելու իրենց հետագա քայլերը։

«Հետագա քայլերի մասին ավելի ուշ մենք տեղեկացնելու ենք, առկա է գործողությունների հստակ ծրագիր։ Իսկ ինչ վերաբերում է երեկվա հավաքի տպավորություններին, ես ընդամենը մի քանի արձանագրում կանեմ։ Առաջինը՝ հանրահավաքի էներգետիկան իրապես արտացոլում էր այն, ինչ կոչով մենք այն հրավիրել էինք։ Այսինքն, սա կուսակցական հավաք չէր, հավաքը միտված էր՝ մի տեղում հավաքել բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են մի նախադասության՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ կարծում եմ, որ թե՛ հարթակը, թե՛ հավաքի մասնակիցներն այդ էներգետիկան ունեին։ Երկրորդը․ ես, անկախ նրանից, որ կան մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում, համարում եմ, որ շարժման նոր փուլը գրանցեց իր առաջին հաղթանակը՝ Ֆրանսիայի հրապարակը պարալիզացրեց եւ Արցախի դրոշը տնկեց Ֆրանսիայի հրապարակում։ Ես խիստ հասկանում եմ մեր հայրենակիցների, մեր համակիրների պահանջը՝ ավելի կտրուկ գործողությունների եւ ավելի վճռական քայլերի գնալու, վստահեցնում եմ, որ իր պահին բոլորն էլ իրականացվելու են»,- ասաց Մամիջանյանը՝ նկատելով․ կարեւոր է, որ հետագա ակցիաների մասնակիցների թիվն անշեղորեն աճի, որպեսզի կարողանան իրենց առջեւ դրված խնդիրները լուծել։

- Մի կողմից ասում եք, թե հասկանում եք, որ մեր հայրենակիցները հստակ գործողությունների գնալու պահանջ ունեն, հարթակից էլ ասում էիք, որ, այո՝ գուցե մենք էլ ենք սխալվել, գուցե ժողովուրդն ընդդիմությունից հիասթափվել է, բայց, միեւնույն ժամանակ, էլի չեք անում այն, ինչը գիտակցում եք, որ պետք է անել։ Երեկ մենք նկատեցինք, որ մարդիկ էլի հիասթափված գնում էին տուն։

- Շատ կարեւոր է, որ մեր համակիրները, մեր հայրենակիցները հետեւյալ ճշմարտությունն ընկալեն, որ որոշ հակահայկական գործիչների՝ իշխանությունը վերցնելու, գրավելու, զավթելու եւ երկիրը պարտության, պառակտության եւ ձախողման տանելու համար անհրաժեշտ եղավ տասնամյակ, այն պարագայում, որ իրենց նպատակներն արդար չէին։ Ես շատ եմ խնդրում թե՛ լուսաբանող լրագրողներին, թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ թե՛, առաջին հերթին, մեր հայրենակիցներին՝ գիտակցել, որ մեկ օրում իրականացնել այն, ինչ մենք ենք ուզում, շատ կուզենայինք, բայց, ցավոք, հնարավոր չէ։ Խնդրում եմ ընդամենը վստահել առ այն, որ ձնագնդի էֆեկտով շարունակական, անխոնջ, առանց հոգնելու պայքարի պարագայում մեր նպատակները հնարավոր կլինի իրագործել։ Պետք չէ համեմատել տարիներ շարունակ օվերտոնի պատուհանի ֆենոմենով, իբր քաղհասարակության աջակցությամբ եւ այլնով իրականացված գործողությունները մեկ, երկու, երեքօրանոց գործողությունների հետ։

- Բայց դուք կոչ եք անում մարդկանց՝ հանուն Արցախի եւ հայրենիքի, հավաքվել Ազատության հրապարակում, հնչեցնում եք ելույթներ, որոնք մարդիկ ամեն օր լսում են ԱԺ ամբիոնից, հետո այդ մարդկանց ուղարկում եք տուն։ Մինչդեռ մարդիկ ասում են՝ փակեք փողոցները, գնացեք շենքեր գրավեք, ինչ-որ գործողություններ արեք, մենք էլ կմնանք գիշերը, եւ ձնագնդի էֆեկտով մարդիկ կավելանան։ Բայց դուք այդ մարդկանց տուն եք ուղարկում։

- Նորից ստիպված եմ նույն բանն ասել․ կարծում եմ՝ Հայրենիքի փրկության շարժման ընթացքում առնվազն մեր թիմն ապացուցել է, որ չի խորշում ո՛չ շենքեր խաղաղ անհնազանդությամբ գրավելուց, ո՛չ փողոց փակելուց, ո՛չ փողոցում գիշերելուց, ո՛չ էլ որեւէ բանից։ Կարծում եմ՝ մեր թիմին նմանօրինակ մեղադրանք առաջադրել հնարավոր չէ։ Ձեր նշած բոլոր գործողությունները, մի բան էլ՝ ավել, առաջիկայում տեղի են ունենալու։

- Ինչպե՞ս, ունե՞ք ծրագիր։

- Իհարկե, ես առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ առկա է հստակ ծրագիր, որը, էսպես ձեւակերպեմ՝ հրապարակվելու է այնքան, որքան դրա հրապարակումը չի խանգարի դրա իրականացմանը։

- Դուք ասացիք՝ առաջին հաղթանակը գրանցեցիք, որը պարալիզացնելն էր Ֆրանսիայի հրապարակը եւ այնտեղ Արցախի դրոշը տնկելը։ Հիմա հաջորդ հաղթանակը ո՞րն է լինելու, օրինակ՝ այսօր, վաղը, մյուս օրը ի՞նչ եք անելու, ծրագիր ունե՞ք։

- Մոտ ժամանակներս դա հրապարակվելու է, ես չեմ ուզում ոչ կազմկոմիտեի խողովակով դա հրապարակել։

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ ժողովուրդը կարող է իսկապես հիասթափվել, այլեւս չանսալ ձեր կոչին ու փողոց դուրս չգալ, որովհետեւ մտածում է, որ ամեն անգամ նույն պատմությունն է կրկնվելու։

- Ես շատ-շատ ուզում եմ, որ մեր հայրենակիցները հավատան եւ հասկանան, որ սա մի օրվա, մի քանի ժամվա, մի ակցիայի, մի հանրահավաքի պայքար չէ։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեր նպատակներին հասնենք։ Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար տարբերություն չկա՝ ապրել մի երկրում, որն ամբողջապես կապիտուլացված է եւ կորցրել է երկրորդ պետականությունը՝ Արցախը, լինել բանտում կամ որեւէ կերպ ճնշումների տակ՝ տարբերություն չկա։ Նմանօրինակ պայմաններում ապրելը, կարծում եմ, արժանապատիվ չէ։

- Ի դեպ, Սերժ Սարգսյանը հանրահավաքին շարքային քաղաքացու կարգավիճակով էր մասնակցում՝ ժողովրդի մեջ, ոչ թե հարթակում։ Հատո՞ւկ էր այդպես որոշված, թե՞ չցանկացավ առաջին պլան մղվել ու հարթակ դուրս գալ։

- Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ հայրենիքի համար մղվող բոլոր մարտերում՝ քաղաքական, թե այլ, եղել է առաջնագծում։ Իր ֆիզիկական ներկայությունը կամ ոչ ներկայությունն այս կամ այն ակցիային բացարձակ չի նշանակում, որ նա ամենաազդեցիկ դերակատարումը չի ունեցել դրա կազմակերպման գործում։ Իսկ հանրահավաքին, այո, ինքը մասնակցում էր ոչ միայն որպես ՀՀ երրորդ նախագահ, ոչ միայն որպես հիմնական կազմակերպիչներից մեկի՝ Հանրապետականի ղեկավար, այլեւ որպես շարքային, մտահոգ քաղաքացի։