Արցախից տեղահանվածների խնդիրները ներկայացվել են Կանադայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Արխիվային լուսանկար
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը շարունակում է տեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր աշխատանքները՝ հանդիպումներ ունենալով ՀՀ-ում տարբեր երկրների ներկայացուցչությունների պատասխանատուների հետ։ Տարեվերջին և տարեսկզբին նա հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ։
«Հանդիպումներին իմ կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական խնդիրներին։ Դեսպաններին եմ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղահանված հայրենակիցների ունեցած մտահոգություններն ու դժգոհությունները, դրանով պայմանավորված՝ հանդիպումները ՀՀ կառավարության անդամների և ներկայացուցիչների հետ: Քննարկվել են արցախցիների միջազգային իրավունքների պաշտպանության և իրացման, գերիների և պատանդառված անձանց վերադարձի և միջազգային պաշտպանության, անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների բացակայության, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին վերաբերող հարցեր»,- MediaHub-ին փոխացեց Լիաննա Պետրոսյանը։
Հանդիպումների ժամանակ Պետրոսյանը ներկայացրել է նաև հրատապություն պահանջող թեմաները։ Լսելով արցախցիների կարծիքները՝ նա հանրագումարի է բերել այդ ամենն ու միջազգային գործընկերներին փոխանցել սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանվածների զբաղվածության, նրանց կարողությունների բացահայտման և տնտեսական ակտիվությանն ուղղված ծրագրերի, ուսանողների համար կրթաթոշակների և փոխանակման ծրագրերի հնարավորությունների անհրաժեշտության մասին հարցերը։
«Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և հետագա քննարկումները»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան