Թիմում կռի՞վ է ընկել

«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի», - Տելեգրամի իր էջում երեկ գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ խոսնակն ընդգծել է՝ այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան:
Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի փոխանցմամբ, սա ԱԺ նախագահի անձնական կարծիքն է, այս պահին թե՛ օրհներգը, թե՛ զինանշանը փոխելու օրինագիծ չի ներկայացվել։
Հայաստանի զինանշանն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականին, իսկ օրհներգը՝ 1991 թվականին՝ Առաջին Հանրապետության օրհներգի տեքստի չնչին փոփոխություններով:
Նախ, տարակուսելի է այն հանգամանքը, որ ԱԺ նախագահը փաստորեն ոչ հայկական է համարում գործող օրհներգը, որի բառերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է հայտնի կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը:
Այս պարագայում, թերևս, խորհրդարանի խոսնակին պետք է հարցնել, թե իր ընկալմամբ ի՞նչ ասել է «ազգային»:
Սակայն ավելի կարևոր է խնդրի քաղաքական բաղադրիչը:
Երրորդ հանրապետության հիմնադիր հայրերը պետության այս խորհրդանիշներն ընտրել են քաղաքական որոշմամբ՝ ցույց տալու համար երկու հանրապետությունների ինստիտուցիոնալ կապը, հայկական պետականության շարունակականությունը:
Մյուս կողմից, սրանք խորհրդանիշներ են, որոնք արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի ուղեկիցներն են, նաև այդ խորհրդանիշները պաշտպանելու համար են նահատակվել մեր հազարավոր հայրենակիցները:
Այդ որտե՞ղ եք տեսել, որ երկրին պարտության բերած իշխանությունները համարձակվեն ոտնձգել պետական խորհրդանիշների դեմ:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ վերջին շրջանում Փաշինյանի թիմում նկատելի են հակասությունները:
Սիմոնյանի գրառումից հետո Պետրոս Ղազարյանի տաղավարում հարցազրույց է տվել նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ով բառացիորեն ասել է. «Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել զինանշանը»։
Տարին բուռն է լինելու բոլոր առումներով, այդ թվում ներիշխանական հակասությունների:
Վահրամ Բագրատյան