Չինաստանը կարող է 10% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքի վրա

Չինաստանը դիտարկում է ԱՄՆ-ից գյուղատնտեսական և պարենային ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հարցը։
Գրել է «Global Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այս միջոցները պատասխան կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությանը։
«Եթե ԱՄՆ-ը պնդի միակողմանի մաքսատուրքեր սահմանելու մասին և պաշտոնապես հայտարարի համապատասխան միջոցների մասին, ապա Չինաստանը միանշանակ վճռական, հզոր հակաքայլեր կձեռնարկի»,- ասել է աղբյուրը։
Բացի լրացուցիչ տուրքեր սահմանելուց, Չինաստանը կարող է հայտարարել այլ պատասխան միջոցների մասին, որոնք կապված չեն մաքսատուրքերի հետ։
Փետրվարի 1-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանվում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների վրա։ Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից ներմուծման 10% մաքսատուրքերը, իսկ կանադական և մեքսիկական ապրանքների մաքսատուրքերը մեկ ամսով հետաձգվել են՝ սպասելով այդ երկրների կառավարությունների հետ բանակցություններին։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ մարտի 4-ից Չինաստանի նկատմամբ ուժի մեջ կմտնի մաքսատուրքերի հերթական փուլը, որի դրույքաչափը, ինչպես առաջին անգամը, կկազմի 10%։
Փետրվարի 10-ի դրությամբ Չինաստանը հակադարձել է և լրացուցիչ 15% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ածուխի և հեղուկ բնական գազի ներկրման վրա և 10% մաքսատուրք նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի, մեծ տարողունակ մեքենաների և պիկապ մեքենաների համար։