Սահմանամերձ Բարեկամավանի թաղի 25 տներից ոչ մեկում երեկոյան լույս չի վառվում

Արտագաղթի հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում շատ են դատարկ տները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի թաղերից մեկի 25 տներից ոչ մեկում երեկոները լույս չի վառվում, բոլորը դատարկ են։
Գյուղացիները հայտնեցին, որ Բարեկամավանի մեկ այլ թաղի տներից մեկից վերջերս գողացել են 30 լիտր օղի, ալյումինե եւ պղնձե տարաններ։
Հայտնի չէ, այդ առթիվ ոստիկանություն են դիմել, թե՝ ոչ։ Տանտերը մահացել է, իսկ նրա ծեր կինը ձմռանը բնակվում է Հայաստանի քաղաքներից մեկում ապրող որդու տանը։
1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 13 աշակերտ։
ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները գումարներ են հանգանակել Բարեկամավանի դպրոցի տանիքը նորոգելու համար, սակայն գումարը չի հերիքել, երկու տարի է՝ դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է։
ՀՀ պետական բյուջեից գումար չի հատկացվում պետական հանրակրթական դպրոցի տանիքի նորոգումն ավարտելու համար։
Բարեկամավանում խմելու եւ ոռոգման ջրի մեծ խնդիրներ կան, հողերի մեծ մասը չի մշակվում ադրբեջանական գնդակոծությունների, հակառակորդի նշանառության գոտում գտնվելու հետեւանքով»,-գրել է նա: