«Ռոմայի» ղեկավարները հանդիպել են Մխիթարյանի ներկայացուցիչների հետ. հայ կիսապաշտպանը ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Ռոմայից»՝ հաղորդում է Sky Sport Italia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբի ղեկավարներն այսօր կայացած հանդիպման ժամանակ հայ կիսապաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում բարելավել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց առաջարկը։
Նշվում է, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել 33-ամյա հայ կիսապաշտպանին, քան «Ռոման»: Միլանցիները վստահ են, որ գործարքը կիրականացնեն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխն արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին: