Telegram-ում նոր վիրուս է տարածվել․ ի՞նչ է հայտնի

Երեկ Telegram հավելվածով նոր վիրուս էր տարածվում։ MediaHub-ը պարզեց, որ օգտատերերին իրենց իսկ ընկերներից հաղորդագրություն է եկել, որը պարունակում էր վիրուս։
«Ամեն ինչ սկսվեց Telegram-ում կոնտակտային ցուցակից անմեղ հաղորդագրությունից. «Ձեզ նվեր են ուղարկել՝ Telegram Premium բաժանորդագրություն մեկ տարով, (որը Telegram հավելվածի վճարովի ծառայություն է- խմբ.)»: Անմիջապես դրա տակ մի հղում է, որն առաջին հայացքից օրինական էր թվում, այն իրականում տարավ դեպի պաշտոնական Telegram Premium–ի կայք, բայց ես հասկացա, որ մի բան այն չէ, և արագ փակեցի։ Հետո, այդ ընկերոջ հետ իմ բոլոր հաղորդագրությունները ջնջվեցին, պարզվեց որ նա չէր էլ ուղարկել Telegram Premium, և դա, հավանաբար, վիրուս էր»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը, ում վիրուս է ուղարկվել։
Մենք պարզեցինք, որ նմանատիպ վիրուս Telegram հավելվածում արձանագրվել է նաև Ռուսաստանի տարածքում մոտ մեկ ամիս առաջ։ Այդ լինքը բացելուց կա մի նրբություն. «premium»-ի (լինքը փոփոխված է ֆիշինգից խուսափելու համար - MediaHub) տեքստի տակ բոլորովին այլ էջի հղում կա՝ ֆիշինգ էջ: ՌԴ–ում մարդիկ նշում էին, որ այդ լինքով հանցագործները «գողանում են» անձի հաշիվները, գաղտնաբառերը և այլ անձնական տվյալներ։
Հորդորում ենք զգույշ լինել օգտատերերին և, իհարկե, պաշտպանել Telegram հաշիվը, օրինակ՝ միացնել երկքայլ նույնականացումը, նմանատիպ լինքեր ստանալուց ճշտել ձեր ընկերոջից՝ արդյո՞ք նա է ուղարկել նման հաղորդագրություն և նոր բացել լինքը, դանդաղ գործել, նույնիսկ եթե ձեզ շտապեցնում են, քանի որ խարդախները սիրում են խաբել իրենց զոհերին և շտապեցնում են ժամանակի սահմանափակ լինելու պատրվակով, և խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական էջերից։
Մարիաննա Արամյան