Փաշինյանը որքան էլ սափրվի, հայ ժողովրդի դեմ գործած սեփական մեղքերը չեն մաքրվի

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին երեկ հայտարարություն են տարածել, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։
Իրավապաշտպան Ինգա Բալայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ Ադրբեջանն ինչպես կուզի, այնպես էլ կվարվի, քանի դեռ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը չի կատարում իր պարտականությունները։
«Արցախի հայաթափումից հետո այլևս ոչնչի վրա չենք զարմանում։ Փաշինյանն ու Ալիևը սինքրոն աշխատում են միասին, որի նպատակը պատկերացրեք ոչ միայն իրենց համար գլխացավանք համարվող Արցախի հանձնումն էր, այլ, ցավոք, նաև Հայաստանի որոշ հատվածների։ Պատահական չէր, որ տևական դադարից հետո երեկ 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին իբր թե Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման համար։ Սա դեռ նախերգանքն է։ Ինչ վերաբերվում է Բաքվում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապա Հայաստանի կառավարության քայլերը տանում են նրան, որ գերիները կվերադառնան ինչ որ մի բանի դիմաց, որը «կարդարացնի» Նիկոլ Փաշինյանին, իսկ ահա պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը դեռևս հարցականի տակ է, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել այնտեղ պահվող հայերի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
«Տեսեք, երբ Արցախը հայաթափվեց, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արցախահայերին փախստականի կարգավիճակ տվեց։ Դրա նպատակը Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումն էր։ Այդ մարդն ամեն ինչ արեց, որ Արցախը կորցնի իր սուբյեկտայնությունը, իրենից մաքրեց ռազմագերիների նկատմամբ ունեցած ողջ պատասխանատվությունը և դեռ ամբողջ մեղքը բարդեց ընդամենը 9 օր նախագահի պաշտոնը ստանձնած Սամվել Շահրամանյանին։ Մինչդեռ, որքան էլ սափրվի, դրանով հայ ժողովրդի դեմ գործած սեփական մեղքերը չեն մաքրվի»։
Հունան Թադևոսյան