2021 թվականին սովից տուժել է ավելի քան 800 միլիոն մարդ

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ սովը վերջ տալու համաշխարհային ջանքերը ձախողվում են: Այսպես, 2021 թվականին 828 միլիոն մարդ բավարար սնունդ չի ունեցել, ինչը 150 միլիոնով ավելի է 2019 թվականի ցուցանիշից։ 

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ պարենային անապահովության և թերսնման հիմնական պատճառներն են հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը և տնտեսական ցնցումները՝ զուգորդված աճող անհավասարությունների հետ:

«Ուկրաինայում շարունակվող պատերազմը, ինչպես նաև այլ երկարատև հակամարտություններն ամբողջ աշխարհում, ավելի են խաթարում մատակարարման շղթաները և բարձրացնում սննդի, հացահատիկի, պարարտանյութի և էներգակիրների գները՝ հանգեցնելով դեֆիցիտի և պարենային ապրանքների գների բարձր գնաճի», - ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի անդամներին է ասել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնքյուն:

2021 թվականին մոտ 2,3 միլիարդ մարդու հասանելի չի եղել օգտակար սնունդը։ Աֆրիկայում աճում է սովը, որտեղ տուժել է 278 միլիոն մարդ։ Ասիայում 425 միլիոն մարդ զգացել է ճգնաժամի ազդեցությունը, իսկ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 56,5 միլիոն մարդ:

Դեռևս չկան տվյալներ, թե 2021 թվականին Հայաստանում որքան է կազմել աղքատների ու ծայրահեղ աղքատների թվաքանակը։

Իսկ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը։ Այսինքն, բնակչության գրեթե կեսի ամսական սպառումը չի գերազանցում 53 641 դրամը։ Վերը նշված 47,6%-ից 9,7%-ը չափավոր աղքատ է, 0,7%-ը` ծայրահեղ աղքատ։

Աղքատ բնակչության 8,6%-ը 0-5 տարեկան երեխաներն են։ Ընդհանուր բնակչության մեջ աղքատ երեխաները 6,8% են կազմում։