Փաշինյանը ցանկանում է առաջնորդվել Բիսմարկի «չկա մարդ, չկա պրոբլեմ» գաղափարախոսությամբ

Փաշինյանը ցանկանում է առաջնորդվել Բիսմարկի «չկա մարդ, չկա պրոբլեմ» գաղափարախոսությամբ

Այսօր իշխանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իր խոր տարանջատվածությունը հասարակությունից։ Այս երկփեղկված վիճակն ակնհայտ էր թե’ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, թե’ «հաղթանակի» զբոսայգում։

Իշխանության համար մայիսի 9-ը միատոն էր, հասարակության համար՝ Եռատոն։ Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն շեշտում էին, որ այսօր միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրն է, այլև առհասարակ խուսափում էին խոսել Շուշիի ազատագրումից ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորումից՝ նույնիսկ անցյալ ժամանակով։

Իշխանության ներկայացուցիչների խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ առհասարակ Հայոց պատմության էջերում երբևէ ո’չ Արցախ է եղել, ո’չ Արցախի բանակ, ո’չ էլ Շուշիի ազատագրում։

Այս ուրացումը ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսության տրամաբանության մեջ, որից բացակայում է այն ամենը, ինչը կապված է ազգային երազանքների, իղձերի ու ձգտումների հետ, ավելին, այդ գաղափարախոսության մեջ առհասարակ տեղ չունի երազանքը, եթե այն կապված չէ ուտելիքի հետ։

Իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ունի մեկ ելակետ։ Արցախը հանձնելուց հետո, պետք է քայլեր արվեն այն առհասարակ հայ ժողովրդի հուշերից ջնջելու, որովհետև Արցախի մասին հուշերը ոչ միայն վառ են պահում այն վերադարձնելու երազանքները, այլև վառ են պահուն նաև Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը։

Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է առաջնորդվել Օտտո Բիսմարկի «չկա մարդ, չկա պրոբլեմ» գաղափարախոսությամբ։

Եթե չկա Արցախի մասին հուշ, չի լինի նաև ազգային երազանք, չի լինի նաև Փաշինյանի դավաճանությունը մատնանշող։

Բայց հասարակությունը շեշտելով Եռատոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման մասին, ապացուցեց, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սխալվում է Փաշինյանը ու ոչ միայն Արցախն ու նրա հետ կապված երազանքները չեն ջնջվի հայ մարդու հիշողությունից, այլև իր հայրենադավությունը։

Կարեն Կարապետյան