Մեծ Հայրենական. սերնդեսերունդ փոխանցված հերոսություն
Աթաջանյանների ընտանիքի հերոսական պատմությունը սկսվում է Հայրապետ պապից, փոխանցվում իր շառավիղներին։
Անուշը պատմում է իր պապի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան Աբգար Աթաջանյանի մասին։ Խնամքով է պահում պապի զինվորական համազգեստը՝ հերոսական ճանապարհը հավաստող մեդալները, ֆրոնտից ուղարկված նամակներն ու պատվոգրերը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված առաջին զորահանդեսից պահպանված կադրերը։
Պատերազմից հետո ազատագրված Արցախի մայր հրապարակում հպարտությամբ քայլում են մեծ հաղթանակ կերտողները, առաջին շարքում Աբգար Աթաջանյանն է։
Օրինակելի զինվորական, մարդ ու ուսուցիչ։ Գիտակցական ողջ կյանքը Աբգար Աթաջանյանը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, անգամ պատերազմից հետո շարունակել է ծառայությունը՝ Խորհրդային միության տարածքում։ Զինվորական ծառայությունից հետո Աբգար Աթաջանյանն իր ներուժն իրացրել է ուսուցչության ոլորտում։ Նրա կենսագրության մեջ մի առանձնակի տեղ ունի կրթությունն ու գիտությունը։
Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը մեծ պապից փոխանցել է սերնդեսերունդ։
Հայրենական պատերազմից տասնամյակներ հետո՝ Ղարաբաղյան շարժման, ապա պատերազմի ակունքներում Աբգարի զավակներն էին կանգնած, մյուս պատերազմներում՝ թոռները։ Վերջին պատերազմին մասնակցել է նաև ծոռը։
Նրա համազգեստը փրկվել է օկուպացված Ստեփանակերտից։ Բռնի գաղթի ժամանակ վերջին պահին են դուրս բերել։ Սա պապից մնացած միակ հիշատակն է։
Հայրենական մեծ պատերազմից 80 տարի անց վետերանների հարազատները հպարտությամբ են պատմում իրենց հարազատների անցած ճանապարհի, խիզախության ու փառքի մասին։
Տասնամյակներ էլ անցնեն, սերունդները հիշելու են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը կերտած սերնդին ու միշտ երախտապարտ են լինելու նրանց: