Ատեստավորում չհանձնած ոստիկանները մնում են իրենց տեղում․ հետն էլ՝ «IQ թեստը» չեն հաղթահարում

Օրերս լուր տարածվեց. Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են ընդամենը 190-ը, իսկ թեստավորման փուլը կամ «IQ թեստը» չեն կարողացել հաղթահարել 454 հոգի։
MediaHub-ին հետաքրքրեց՝ այդ քննություները հանձնում են աշխատանքի ընդունվելուց, թե արդեն իսկ աշխատող ոստիկանները: Հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։
«Ատեստավորման մասնակիցներից բոլորը գործող ոստիկաններ են։ Նոր ընդունվող ոստիկանները, որոնք անցնում են եռամսյա դասեր, ընդունվելուց չեն հանձնում «IQ թեստը»։ Իրենք տարբեր տեսակի դասընթացներ են անցնում՝ վարչական, քրեական և այլն»,- ասաց Սարգսյանը։
Ստացվում է, որ բոլորը գործող ոստիկաններ են, որոնք աշխատանքի ընդունվելուց հանձնում են տարբեր քննություններ, բայց ոչ «IQ թեստ», այլ կերպ ասած՝ հիմնավոր են այն պնդումները, որ վերջին այսպես կոչված բարեփոխումների արդյունքում ոստիկանների շարքերը համալրեցին մարդիկ, որոնցից շատերը չունեն տարրական գիտելիքներ։ Ինչպես նաև՝ մարդկանց հետ շփվելու տարրական հմտություններ:
Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝ ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով, ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգում, մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով և հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։
Սարգսյանը նշեց, որ ատեստավորմանը մասնակցած 1123-ն էլ գործող ոստիկաններ են։ Բայց ամենաուշագրավն այն է, որ ով չի հանձնում ատեստավորումը, պարզվում է, մնում են իրենց տեղում։
«Երեք տարի կամավոր է ատեստացիան, բայց երեք տարի անց բոլորը պետք է հանձնեն և եթե այդ դեպքում չհանձնեն, ապա աշխատանքից ազատվում են։ Այս պահին ով ուզում է, ատեստացիան հանձնում է, բայց պահ է գալու՝ ատեստացիան պարտադիր է լինելու բոլորի համար»,- նշեց Սարգսյանը։
Մեր զրուցակցի խոսքով, երեք անգամ քննությունները չհանձնելու դեպքում անձը կհեռացվի:
Քանի որ մամուլը պարբերաբար ողողվում է պարեկների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպերի մասին տեղեկատվությամբ, անգամ տեսանյութերով, հարցրեցին՝ անցյալ տարվա ընթացքում որքա՞ն ծառայողական քննություն է նրանց նկատմամբ նշանակվել:
Ըստ MediaHub-ի զրուցակցի՝ անցյալ տարի 2435 ծառայողական քննություն և ուսումնասիրություն է եղել։
Մեզ մնում է զարմանալ, թե ինչու մինչև աշխատանքի ընդունվելը ոստիկանները չեն հանձնում «IQ թեստ», որը ստուգում են հետո, արդեն post factum, բայց դա էլ զուտ ֆորմալ բնույթ է կրում: Եվ գուցե դրա պատճառով է, որ մեկ տարվա ընթացքում 2435 ծառայողական քննություն և ուսումնասիրություն է նշանակվել, ու այս թիվը շարունակելու է աճել, մենք էլ շարունակելու ենք ստանալ բողոքներ և ահազանգեր քաղաքացիներից ոստիկանների անհարգալից վերաբերմունքի մասով:
Գուցե, եթե հետևողական լինեն և աշխատանքի ընդունվելիս ապագա ոստիկանները իրենց մասնագիտական քննությունների հետ մեկտեղ նաև «IQ թեստ» հանձնեն, ապա այս թիվը նվազման և ոչ թե ավելացման միտում ունենա..․
Մարիաննա Արամյան