Ոչ մի ներում-բեկում. արդյո՞ք բոլոր դեպքերում են պարեկները տուգանում մգեցված ապակիների համար

Արդեն կես տարուց ավելի գործում է պահանջ` հեռացնել մեքենաների առջևի կողային ապակիների թաղանթները:
Հիշեցնենք, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%։ Սակայն երբեմն մգեցված ապակիներով մեքենաներ այդուհանդերձ փողոցում տեսնում ենք:
Պարզվեց՝ կա մի նյուանս. MediaHub-ը տեղեկացավ, որ կան վարորդներ, որոնք այս հարցով դիմել են դատարան՝ բողոքարկելու մգեցված ապակիներով մեքենան շահագործելու համար տուգանվելը օրենքում կոնկրետ կետի հիմքով և դատարանը կանգնել է նրանց կողքին: Եվ, փաստացի, նրանք շարունակում են վարել: Հետևապես հարց՝ եթե մեկ անգամ դատը շահել են, ապա երկրորդ անգամ արդյոք մեքենաների առջևի կողային ապակիների թաղանթները չհեռացնելու համար վարորդները կտուգանվե՞ն։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին, հասկանալու՝ արդյո՞ք պարեկները կտուգանեն այդ վարորդին, որն արդեն մեկ անգամ այդ հարցով դատը շահել է։
«Եթե օրենքը գործում է, պարեկը պետք է տուգանի»,- այսպիսի պատասխան ստացանք ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից։
Այլ կերպ ասած, որևէ կապ չունի, որ քաղաքացին մեկ անգամ դատը շահել է, պարեկները պարտավոր են տուգանել քաղաքացուն և տուգանում են:
Մարիաննա Արամյան