Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, եւ ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։

«Հրապարակ»  թերթը գրում է․

Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում եւ հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կընդունեն ՀՀ Ազգային ժողովում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադառնալուց հետո պատրաստակամություն է հայտնել ընդունել պատվիրակությանը։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստեր գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության: Դատավորը եւ իր մտերիմ շրջապատը սպասում են գործով քննության ընթացքին, որպեսզի հասկանան, թե որտեղից է «գալիս քամին», եւ այս քրեական հետապնդմամբ ինչ են ուզում հասկացնել դատավորին:

Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով: Վարույթ հարուցող մարմինը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական ընդդիմության՝ մայիսից սկսած բոյկոտը՝ ասելով, թե ընդդիմությունն ԱԺ նիստերի մասնակցելով էլ կարող է իր բողոքն ու ցասումը տեղ հասցնել։ Եթե խորհրդարանական ընդդիմության բոյկոտը պատճառաբանված է, լուրջ հիմքեր ունի, ապա ՔՊ-ի՝ Ալավերդիում համայնքապետ ընտրելու նիստին չմասնակցելը պարզապես երեխայական կամակորություն է։ Ժողովրդավարության մասին օրուգիշեր ասք ասող իշխանությունը, փաստորեն, դեմոկրատիան միայն իրեն հարմար ձեւով ու սեփական ափսեի մեջ է պատկերացնում, իսկ ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերը բոյկոտելը քննադատելով` Փաշինյանը հերթական անգամ շեղել ու խաբել է մարդկանց։