Դատարկաձեռն չի եկել. Սիբիլը Հայաստանում էր հատուկ առաքելությամբ

Պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլն օրերս Հայաստանում էր։ Երգչուհին հայրենիք «դատարկաձեռն» չէր եկել, այլ իր հայ հանդիսատեսին է ներկայացրել Համո Սահյանի հանճարեղ խոսքերի հիման վրա ստեղծված իր նոր երգն ու տեսահոլովակը, որը կոչվում է «Բարի լույս»։
«Այս անգամ Հայաստան էի եկել սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից ստացած հատուկ հրավերով՝ որպես բանախոս մասնակցելու «Global Summit» գագաթնաժողովին։ Ելույթի իմ թեման Հայաստանի և սփյուռքի մեջ զարգացող մշակույթի մասին էր։ Ինձ հետ միասին գագաթնաժողովի մաս կազմեցին Լոռի Անտունյանը, Ժակլին Բաղդասարյանը, Անի Ոսկանյանը, Անահիտ Միքայելյանը և մեր մոդերատոր Մարիամ Մանոն։ Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Սիբիլը՝ ընդգծելով, որ ամեն անգամ Հայաստան գալով նա ուժ է ստանում հայրենիքից ու հայրենակիցներից։
Այդ իսկ պատճառով երգչուհին այստեղ հրապարակել է իր նոր տեսահոլովակը, որի մեկնաբանությունների բաժնի գրառումներից պարզ է դարձել, որ Սիբիլի գործունեությանը հետևում և սպասում են Հայաստանում։
«Իմ նոր տեսահոլովակը, որ կոչվում է «Բարի լույս», երգը բարության, հույսի ու լույսի մասին է։ Երաժշտության հեղինակն իմ լավագույն ընկեր Հրանտ Չիզմեջյանն է։ Մոտ 2 տարի առաջ Հրանտին առաջարկեցի, քանի որ Համո Սահյանի խոսքերն են, ավելի մեծ է երաժշտության պատասխանատվությունը։ Փորձեցի Հրանտին քաջալերել, ասացի՝ «Հրանտ, իմ կարծիքով՝ դու կարող ես երաժշտությունը հրաշալի հորինել, պետք է միայն փորձես»։ Հրանտը սկսեց աշխատել։ Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, ես շատ հավանեցի»,- ասաց Սիբիլը։
Պոլսահայ երգչուհին որոշեց կարճ ժամանակում երգը տեսահոլովակ դարձնել այն ժամանակ, երբ 2023-ին Պոլսում մեծ համերգ ունեցավ, որին իրենց մասնակցությունը բերեց «Հրանտ Դինք» վարժարանի երգչախումբը՝ նույն վարժարանի երաժշտության ուսուցիչ, երգահան Հրանտ Չիզմեջյանի առաջարկով։
«Երգչախմբի մասնակցությամբ այդ երգը ներկայացրեցինք հանդիսատեսի դատին։ Միայն գովասանքի խոսքեր լսելուց հետո որոշեցինք մեր հայ երեխաների ներուժն օգտագործել տեսահոլովակում։ Դպրոցի տնօրենը և ուսուցիչներն իրենց աջակցությունը բերեցին, նկարահանումները կազմակերպեցին Հարություն Գևորգյանն ու Սայաթ Դագլիյանը, գործիքավորումն ապահովեց Մաժակ Թոշիկյանը։ Իսկ սցենարը պատրաստեց Լիլիթ Պողոսյանը, որի համար շնորհակալ եմ բոլորին»։
«Բարի լույս» երգի տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլում։ Ըստ երգչուհու՝ այս երգով փորձել են բարին սերմանել ու բարին սփռել ամբողջ աշխարհում։ «Հուսամ՝ հաջողեցինք փոխանցել»,-ասում է Սիբիլն, ու հավելում, որ բարու մասին երգը թարգմանվել է նաև անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներով։
Հունան Թադևոսյան