ՊԵԿ-ից «Տոյոտա» մակնիշի մեքենան կվերցնեն, կտան Լարսում մեր մաքսային կցորդին

ՊԵԿ-ից «Տոյոտա» մակնիշի մեքենան կվերցնեն, կտան Լարսում մեր մաքսային կցորդին

Տարածքային կառավարման նախարարությունն այսօր կառավարության նիստի օրակարգում ներառել է մի նախագիծ, որով նախատեսում է ՊԵԿ-ից մեքենա վերցնել և տրամադրել ԱԳՆ-ին։ Նախագիծը չզեկուցվող է։ 

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված, 26 496 000 (քսանվեց միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար) դրամ սկզբնական արժեքով և 17 589 925 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քսանհինգ) դրամ 16 լումա մնացորդային արժեքով «Տոյոտա» մակնիշի (արտադրության տարեթիվը՝ 2018 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJ40K154399) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Մեքենան հատկացվելու է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդին՝ Վահան Հակոբյանին։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Տոյոտա» մակնիշի նշված տրանսպորտային միջոցը մաքսային կցորդին հատկացնելը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ մաքսային կցորդի ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանը ու օպերատիվ արձագանքմանը, Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը։ Դատելով մեքենայի արժեքից, ինչպես նաև շահագործման նպատակներից՝ նշված Toyota-ն հավանաբար Land Cruiser 200 մոդելի ամենագնաց է։ 

Վահե Մակարյան