Այլևս ՔՊ-ական չէ. ինչպե՞ս է Կարեն Անդրեասյանն ապացուցելու, որ ապաքաղաքական անձ է
Որևէ մեկը չպիտի ունենա ինձանից ակնկալիք, որ եթե իրենք ինձ վստահեն ու քվեարկեն, ապա ես դառնալու եմ իրենց ներկայացուցիչը: Եվ սա ասել եմ նաև ԱԺ խմբակցությանը (ՔՊ-ին – խմբ.): Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքն ապացուցելու, որ ապաքաղաքական անձ է:
Նա նշեց, որ հատուկ ապացուցելու, համոզելու կարիք չունի, այլ իր աշխատանքը կկատարի բարեխիղճ:
Հարցին՝ շարունակո՞ւմ է կիսել ՔՊ-ի արժեհամակարգն ու մոտեցումները, Անդրեասյանն ասաց.
«Ես կիսում եմ բոլոր այն լավ արժեքները, որոնք կան և՛ իշխող թիմում, և՛ ոչ իշխող թիմերում, արժեքային իմաստով ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Այլ հարց է, որ կուսակցականացումն այդ արժեքների ենթադրում է թիմային լոյալություն ցանկացած իրավիճակում: Հիմա ես այդ խնդիրը չունեմ, ես լոյալ չեմ որևէ թիմին, և կապ չունի, որ մի քանի օր առաջ եմ դադարել ՔՊ անդամ լինել՝ ես ինձ այլևս կուսակցական չեմ զգում և որևէ պարտավորություն չունեմ”,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա ոչ թե մոտեցումների կամ սկզբունքների փոփոխություն է, այլ էթիկայի, պահվածքի ու բարեվարքության դրսևորում է: Նաև կրկնեց, որ կուսակցականացված չէ սեպտեմբերի 20-ից ի վեր:
Ինչ վերաբերում է իր ու Հրայր Թովմասյանի միջև հնչած համեմատությանը, թե վերջինս էլ վայր դրեց կուսակցական տոմսը, որպեսզի դառնա ՍԴ նախագահ, Կարեն Անդրեասյանն ասաց, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ համեմատություններ անցկացնել, թեև իրավիճակային որոշ նմանություններ կան, որովհետև “մարդը ժամանակին կուսակցական տոմսը վայր է դրել, բայց ավելի կուսակցականացված է եղել և ավելի շատ է ծառայել թիմին, քան իր սահմանադրական դերերին»:
«Այո, ես կարող եմ անցնել ճանապարհ, բայց իմ սկզբունքներից չեմ շեղվում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԲԴԽ էլ է իր հետ տանելու Նիկոլ Փաշինյանի նկարը, Անդրեասյանն ասաց՝ որևէ անկախ մարմնի աշխատասենյակում չի կարող լինել գործադիր մարմնի ղեկավարի նկար:
Մանրամասները՝ տեսանյութում