Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա․ ԱԳ փոխնախարար

Կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, քանի որ, ըստ էության, հարցն Անվտանգության խորհրդում է քննարկվել, բայց կարծում եմ, որ դա սեպտեմբերյան մարտերի ընթացքում է եղել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցին, որում նա նշել էր, թե ինչ-որ մի պահի քննարկվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Բայց և այնպես, Հայաստանը որոշել է չանել այդ քայլն ու դուրս չգալ ՀԱՊԿ-ից։

«Հարցեր կային, որ քննարկվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։ Շուտով կլինեն քննարկումներ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին հայտարարության հետ կապված»,- նշեց նա։

ԱԳ փոխնախարարը վերահաստատեց խոսքը՝ նշելով, որ այս պահին չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։

Դիտարկմանը, որ մենք ՀԱՊԿ-ից արդյունքներ չենք տեսել, ԱԳ փոխնախարարն արձագանքեց՝ որոշում է ընդունվել շարունակել աշխատանքները։ Թե ինչ հիմքով, Սաֆարյանը նշեց՝ այդ ժամանակ գագաթնաժողով է եղել, որին մենք գնացինք հույսով, որ քննարկումներն արդյունավետ կլինեն։

«Մեր սպասելիքները չարդարացան, բայց որոշեցինք շարունակել աշխատանքները։ Իրավիճակը բարդ է, շարունակում ենք հույս ունենալ, որ քայլերը կբերեն արդյունքների»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։