LMS ընկերությունից զանգում-գոռում են վարկառուի վրա, վարկի գումարն էլ առանց վերջինիս իմացության փոխում

Մեր երկրում արդարությունը վաղուց մոլորվել է համատարած ամենաթողության ճիրաններում:
MediaHub–ը շարունակում է ահազանգեր ստանալ քաղաքացիներից․ այս անգամ մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ LMS կազմակերպության աշխատակիցները, որը հանդիսանում է միջնորդ կազմակերպություն պարտապանների և ֆինանսական հաստատությունների միջև, զանգահարել են իրեն, բավականին անհարգալից ու բառի բուն իմաստով՝ գոռալով պարտադրել, որ ինքը վճարի պարտքը, քանի որ վարկի վճարման օրն է:
«Մի Սոնա անունով աղջիկ էր զանգահարել ժամը 9–ին, սկսեց բղավել, գոռալ, որ իմ վճարման օրն ա, իսկ ես դեռ չեմ վճարել։ Զանգում են, անպատվում են, ասում ա՝ «ձեր վճարման օրն ա, եթե չվճարեք, մենք այսօր 12:45 տալիս ենք դատարան»։ Մարդկանց շանտաժի են ենթարկում, իսկ երբ հարցեր սկսեցի տալ՝ սկսեց խուսափել պատասխանից»,– ասաց ահազանգած քաղաքացին։
Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ այդ LMS կազմակերպությունը առանց իրեն զգուշացնելու, առանց պայմանագրի, առանց իր հետ թուղթ ստորագրելու ինչ–որ վճարումներ է նշանակում, ինչ–որ վճարումների վերջնակետեր են սահմանում, ու այս ամենից ինքն անտեղյակ է։
«Անօրեն երկիր ա, ով ինչ ուզում, անում է։ Ո՛չ թուղթ կա, ո՛չ պայմանագիր կա, իրենք զանգում, ասում են՝ «դատի ենք տալիս», սա ի՞նչ բան է։ Ես էլ զանգեցի այդ կազմակերպության կենտրոն, ինձ այնտեղից ասացին, որ դատի գործ չկա, ուղղակի այսօր վարկի վճարման օրն է։ Բայց բանն այն է, որ նոր պայմանագիր են կապել ինձ հետ՝ առանց ինձ, ու այսօր վճարման օրն ա, ես վճարում էի 5000 դրամ, իսկ հիմա դարձրել են 7000 դրամ, էդ ինչպե՞ս են հաշվում, կամ ի՞նչ իրավունքով»,– վրդովված մեզ փոխանցեց տիկինը։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս ամենի հիմքով զանգահարել է Կենտրոնական բանկ, որտեղից իրեն ասել են, որ LMS–ն իրենց կողմից լիցենզավորված չէ, և եթե բողոք ունի, ապա պետք է դիմի ոստիկանություն։ Նաև մեզ տեղեկացրեց, որ ինքը սեպտեմբերին և հոկտեմբերին ուշացրել է վարկի գումարի մարումը, դրա համար էլ կազմակերպությունը նոր պայմանագիր է «կնքել»՝ առանց քաղաքացուն զգուշացնելու և տեղյակ պահելու:
MediaHub–ը կապ հաստատեց LMS կազմակերպության հետ, որտեղից ստացանք բավականին ուշագրավ պատասխաններ. պարզվեց, որ այս ամենն իրենց կազմակերպության համար նորմալ է.
«Պայմանագիրը վերակառուցելու դեպքում է փոխվում, երբ ուշացված գրաֆիկ է լինում թազա գրաֆիկ են տալիս, որ ուշացումները մաքրվեն, եթե չեն կարում էդ գրաֆիկով, թազա գրաֆիկ են տալիս: Ասենք՝ 5 ամիս ուշացրել ա, իր ամսականն ավտոմատ մենք էլ ենք փոխում, օրինակ` 7000 ա եղել, դառնում ա 9000 դրամ, կախված ամիսների քանակից։ Լինում է, որ փոխում ենք, ցածրացնում ենք, որ կարողանա մուծի»,– ահա այսպիսի ոսկեղենիկ հայերենով պատասխանեցին մեզ այդ կազմակերպությունից։
Հարցին, թե արդյո՞ք նորմալ է, որ առանց քաղաքացուն զգուշացնելու փոխվում է վարկի գումարը, ստացանք հետևյալ արձագանքը․ «Եթե նա ուշացրել է, մի ամսվա վճար է արել, կազմակերպությունը որոշում ա, որ ավելի մեծ թվով լինի, որովհետև պուճուր թվով չի վճարել»։
Իսկ այն, որ ընկերության աշխատակիցը, փաստորեն, զանգահարում և գոռում է վարկառուների վրա, անգամ սպառնում նրանց, նորմա՞լ աշխատելաոճ է: Հարցադրմանն ի պատասխան ասացին.
«Պետք է տեսնենք ում հետ է խոսել, կազմակերպությունը նայի, եթե աշխատողը խնդիր է ունեցել, այդ ժամանակ աշխատողի հետ կխոսենք, կարող է խնդիր է առաջացել, որ տոնը բարձրացրել է, չեմ կարող ասել մինչ զանգը լսելը»։
Ի դեպ, հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք իրենք վերահսկվում են ԿԲ կողմից: Մեզ տված պատասխանից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը պարտքերի հավաքագրման ընկերություն է, վերահսկվում է ԿԲ–ի հանձնաժողովի կողմից։
Մեզ ահազանգած քաղաքացին իր հերթին տեղեկացրեց, որ պատրաստվում է այս հարցը դարձնել քննարկման առարկա իր փաստաբանի հետ և ըստ այդմ ընթացքը կորոշի:
Մարիաննա Արամյան