Արցախում հայեր են ապրում, ինչպես Բեյրութում ու Գլենդելում․ ՔՊ-ական
Հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ այդ թվում նաև «խաղաղության օրակարգին», որը ենթադրում է նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նա վստահեցրեց՝ իրենք վճռական են ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև կարգավորել հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները։
Դիտարկմանը, թե արդյո՞ք չպետք է նաև Արցախի ժողովրդի շահերը պաշտպանվեն, Արսենյանն արձագանքեց․
«Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ ՀՀ ժողովրդի շահերի սպասարկմամբ։ ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է, որի համար մենք գործում ենք։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ ասածները, մնացյալ հարցերը ՀՀ ինքնիշխանության օրակարգի բաղադրիչներ են։ Մենք ժողովրդից ստացել ենք մանդատ՝ սպասարկելու ՀՀ շահերը, որոնք չպետք է ստորադասվեն այլ շահերի»,- նշեց նա։
Հարցին, թե Արցախում հայեր չե՞ն ապրում, Արսենյանը պատասխանեց․
«Արցախում ապրում են մեր հայրենակիցները։ Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում ու Գլենդելում էլ։ Մեր առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն ու պետության պաշտպանումն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։