Ադրբեջանը խաղաղության պայմանագրով ինչ է պահանջում, Վահե Ղազարյանը՝ Ձմեռ պապիկի դերում․ Մամուլը՝ սուրճով

Ադրբեջանը խաղաղության պայմանագրով ինչ է պահանջում, Վահե Ղազարյանը՝ Ձմեռ պապիկի դերում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։

Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են ներկայացրել, այլ այն, թե կողմերն ինչ պահանջներ են դնում միմյանց առաջ։ Պարզվում է՝ ամենաառանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ եւ հայկական կողմի համաձայնություն։

Պարզվում է՝ Ալիեւի համար ֆունդամենտալ նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաեւ Արցախը, ինչը կփակի «ռեւանշի» հավանականությունը։ Բայց ինքը չի պատրաստվում գոնե ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ինչ-որ ընդհանուր ձեւակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ բուն ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո։ Մերժում է նաեւ դելիմիտացիան իրականացնել որեւէ տարեթվի քարտեզով։

Ու թեեւ ընտրությունը 1974 եւ 79 թթ․ քարտեզների միջեւ է, սակայն Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի եւ ուզում է դեմարկացիա-դելիմիտացիայի ժամանակ նոր տարածքներ զավթել Հայաստանից, ուստի որեւէ քարտեզի հետ համաձայն չէ։ Առաջարկների մեջ նշված են նաեւ անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը։ Գեղամ Մանուկյանը նշել էր, որ «առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր մտավախությունները»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները. ստորեւ ներկայացնում ենք բնակչության բնական շարժի տվյալները: Հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում մահացածների ընդհանուր թվաքանակը կազմել է 20 հազար 152 մարդ։ 2022 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազ է 316-ով։ Ցուցանիշում մահվան հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ այլ հիվանդություններ։

ՀՀ բնակչության ծնվածների քանակը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 30 հազար 186 մարդ։ Այս տվյալը ներառում է նաեւ մեռելածինների ցուցանիշները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը աճել է 258-ով, եւ 2021 թվականի համեմատ՝ նվազել 134-ով։ ՀՀ պետական սահմանի եւ՛ օդային, եւ՛ ցամաքային անցման կետերով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախնական տվյալների համաձայն, Հայաստան է եկել 4 մլն 70 հազար 389 մարդ, որից 1 մլն 646 հազար 333-ը ՀՀ փաստաթղթերով են հատել սահմանը։ Այսինքն՝ ստացվում է, որ 2023 թվականի համար, նախնական ամփոփված տվյալների համաձայն, Հայաստան է այցելել է 2 մլն 424 հազար 56 օտարերկրացի։ Հայաստան են եկել 1 մլն 459 հազար 372 Ռուսաստանի քաղաքացի, 298 հազար 983 Վրաստանի քաղաքացի, 150 հազար 490 Իրանի քաղաքացի, 62 հազար 578 Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։

Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։ Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։

ՆԳՆ-ն նաեւ սահմանել է, որ ներկայացման մեջ պարտադիր պիտի լինեն Ձմեռ պապիկը, Ձյունանուշը եւ տոնածառ, իսկ ներկայացման սցենարը պետք է համաձայնեցված լինի ոստիկանության հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադրված է հնարավորինս շուտ ազատվել բոլոր այն համայնքապետերից, որոնք ՔՊ-ական չեն, հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք են պահում իրենց: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ժամանակին ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի միջեւ համագործակցության հուշագիր կնքելու եւ համատեղ իշխանություն ձեւավորելու գործընթացի «կնքահայրը» եղել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը. նա է բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա:

Հիմա Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե վերջինս ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ում ինչ է խոստացել, ինքը քաղաքական որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չպետք է լինի մարդ, որը ՔՊ անդամ չէ, այսպես ասած՝ իրենց մարդը չէ. եթե կուսակցության տեսակետը չի կիսում, ապա պետք է շուտ ազատվել նրանից: Այսպիսով, ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Կապան, Գորիս եւ մյուս համայնքներում պետք է ՔՊ-ի «սրտի ղեկավարներ» նշանակվեն: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի անդամ ավագանիների վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի ավագանիները գնան եւ ընտրեն այն թեկնածուին, ում ՔՊ-ն կասի: Փաշինյանը նպատակ ունի իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին դարձնել Գյումրու համայնքապետ: Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց»: