Նախկին կնոջը մեղադրել է անհավատարիմ լինելու համար, դաժան ծեծի ենթարկել

Հովհաննես Խ․ին մեղադրանք է առաջադրվել իր նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար։
Նշվում է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ՝ նրան մեղադրելով անհավատարիմ լինելու համար, որի ընթացքում մոտ 10-15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ հասցեին, նրա նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն՝ բռնել է մազերից, գցել է գետնին և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ճակատի փափուկ հյուսվածքների ուռածության ձախ վերին կոպի, ստորին շրթունքի լորձաթաղանթի, ձախ արմնկային հոդի և ծնկան հոդերի արյունազեղումների, ծնկան հոդերի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Iravaban.net-ը այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 26-ին և մակագրվել դատավոր Վարսենիկ Մելքոնյանին։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դատարանը վճռել է Հովհաննես Խ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից), նախատեսված հանցանքի կատարման համար և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել 1 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում։
Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Մեղադրյալի վրա դրվել է պարտականություններ՝ բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը և տուժող Աննա Ռ․ի հետ շփում ունենալու արգելքը:
Դատական ակտը հրապարակվել է մարտի 11-ին։
Ընտրված լուսանկարը նյութի հետ առնչություն չունի։