Մենք կանգնեցրինք միջուկային հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև. Թրամփ

Միացյալ Նահանգները դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հակամարտությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կանգնեցրինք միջուկային հակամարտությունը։ Կարծում եմ՝ դա կարող էր իսկական միջուկային պատերազմ լինել։ Միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել»,-ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը ելույթ ունենալիս։
Նա նշեց, որ «շատ հպարտ է» այս արդյունքով։
Հնդկաստանը և Պակիստանը մայիսի 10-ին համաձայնության եկան դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում այդ օրը՝ ժամը 17:00-ից (Մոսկվայի ժամանակով 14:30): Ժամեր անց Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի ղեկավար Օմար Աբդուլլահը հայտնեց պայթյունների ձայների և Ջամմու և Քաշմիրի ամառային մայրաքաղաք Սրինագար քաղաքի մոտակայքում հնդկական հակաօդային պաշտպանության գործողության մասին։ Սակայն, երկրորդ գիշերն անընդմեջ, հնդկական բանակը հայտարարեց, որ Պակիստանի կողմից որևէ խախտում չի նկատել։