Ընդդիմության պայքարը՝ հայոց պետականության իմունիտետն է

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում:
Վահագն Խաչատուրյանին ոչ ոք չի հարցնելու, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցք բացվի՝ այդ հարցը որոշում են գերտերությունները, իսկ Փաշինյանն ու թիմը դրանք կյանքի են կոչում: ՀՀ նախագահը զբաղվում է միջազգային պատվիրակություններ ընդունելով, շրջագայելով՝ Սահմանադրությունը նրան շատ իրավասություններ չի լիազորում: Խաչատուրյանը, որպես նախագահ, խորհրդանիշ, ինստիտուտ՝ կարող է միայն խորհուրդ տալ Փաշինյանին` օր առաջ հրաժարական տալ, որպեսզի հայակործան որևէ նոր ծրագիր՝ անկլավների, Սյունիքում միջանցքի, Բերձորի հանձնման հետ կապված, կյանքի չկոչվի:
Հայ-ադրբեջանական կուլիսային բանակցություններ են տեղի ունենում, որոնց մասին անգամ շարքային ՔՊ-ականները տեղյակ չեն՝ հավանաբար այդ պրոցեսներից տեղյակ չէ նաև Վահագն Խաչատուրյանը:
ՔՊ-ականները սեփական իշխանության պահպանման համար պատրաստ են տրամադրել Սյունիքի միջանցքն ու այլ միջանցքներ: Գործող իշխանությունները «քաղաքական մահապարտներ» են՝ նրանք հասկանում են, որ արցախյան 44-օրյա աղետի համար հայ ժողովուրդը նրանց չի ներելու. ՔՊ-ն ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության: Սակայն իշխանափոխությունը սարերի հետևում չէ՝ ՀՀ քաղաքացիների պահանջը հստակ է՝ ՔՊ-ն օր առաջ պետք է հեռանա՝ տեղը զիջելով հայրենասեր, պետականամետ, ազգային ընդդիմությանը:
Ընդդիմության պայքարը հայոց պետականության իմունիտետն է՝ Բաքվում և Անկարայում անհանգստացած են, որ Երևանում իշխանության են գալու պահանջատեր, այլ ոչ հնազանդ և «անատամ» ուժեր:
Վահրամ Բագրատյան