Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում

Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում

Մասիս քաղաքի համար 4 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի շուրջ կրքերն օր-օրի ավելի են թեժանում։ MediaHub-ի՝ երեկ հրապարակված, «Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ» վերտառությամբ հոդվածից հետո (տեսանյութով) բազմաթիվ ծնողներ են դիմել MediaHub-ին ու ներկայացրել իրենց բողոքը՝ կապված ուսուցչի ոչ ադեկվատ պահվածքի հետ։ 

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ աշակերտների ու ծնողների բողոքը լսելուց հետո ինքը ստիպված նստում է Վրացյանի դասերին, որ երեխա չտուժի։ 

«Հոգեկան խնդիր ունի, թե ոչ, դա բժշկի գործն է։ Բայց որ ընկեր Վրացյանն ինքն է խնդիրներ ստեղծում դպրոցի համար, միանշանակ է։ Արցախցի մի երեխայի վիրավորել ու ասել է, թե՝ «դուք պիտի մեռնեիք, ինչի՞ եք եկել», ես խոսել եմ ծնողների հետ, հանդարտեցրել իրավիճակը։ Ոչ մի ուսուցչի նկատմամբ անվստահություն չկա, բացի Արև Վրացյանից, իսկ իր համար ճիշտը մի՛շտ ինքն է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տիկին Բարսեղյանը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկում ուսուցչուհուն կարգի հրավիրելու համար, որովհետև նա երկխոսելու ունակ չէ։

«Մի նկատողություն արդեն տվել եմ, 6-րդ և 9-րդ դասարանը վերցրել եմ ձեռքից, մայիսին նաև 8-ի «Բ» դասարանն եմ վերցնելու, բայց, միևնույնն է, ինքը շարունակում է իրեն նույն կերպ պահել։ Խնդիրը միայն արցախցի երեխաները չեն։ Տարբեր ծնողներից ենք բողոքներ ստանում, հարվածում է երեխաներին։ Ամեն օր, ամեն ժամ բղավում է՝ «հանե՛ք ինձ աշխատանքից», ես նրան ասում եմ՝ «ընկե՛ր Վրացյան, եթե չես ուզում աշխատես, ազատման դիմում գրի՛ր», ասում է՝ «չեմ գրում, հանե՛ք ինձ»»,- պատմեց մեզ տնօրենը:

Նա ասաց նաև, որ Արև Վրացյանն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե՝ «աշակերտները ձեռք են տալիս իմ մարմնի տարբեր մասերին»։ 

«Չգիտեմ՝ ինչ ավարտ կունենա այս ամենը, ես չեմ ուզում շտապել ու կանխատեսումներ անել, բայց նա չարիք է դարձել երեխաների համար»,- նշեց Նարինե Բարսեղյանը։ 

Մասիսի թիվ 4 դպրոցում Արցախից տեղահանված մոտ 180 երեխա է սովորում, տնօրենն ասաց, որ նաև ուսուցիչներ կան։ «Դպրոցում արցախցիները թիրախավորված չեն, մեզ մոտ «արցախցի-մասիսցի» զրույցներ չկան։ Բայց ուսուցչի կողմից արցախցի աշակերտին հարվածելն ու ակնհայտ վիրավորանքը շատ է զայրացրել բոլորիս։ Մեզ համար պատիվ չէ, որ մի ուսուցչուհու պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված է մեր դպրոցի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արև Վրացյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել՝ նշելով, որ իր անձի շուրջ կատարվողը զրպարտություն է։ Անգամ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ նա պարզ ասում է, որ «կոկաին եմ խմել», որի ազդեցության տակ հարվածել է երեխաներին, ասաց, թե «զրպարտություն է, ոչինչ իմ անունից մի՛ հրապարակեք»։ 

Նշենք, որ Արև Վրացյանը դպրոցում թաքուն ձայնագրություններ է արել իր հեռախոսով ու գնացել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, բողոքել և՛ աշակերտներից, և՛ իր գործընկերներից։ 

Հունան Թադևոսյան