Բելառուսի ԱԳՆ խոսնակի` ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ ներկայացվել է բողոքի հայտագիր. ՀՀ ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:
Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
MediaHub-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այլևս չի մեկնելու Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշեց, որ ՀՀ որևէ պաշտոնյա ևս Բելառուս չեն մեկնելու:
Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Կոնյուկը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների: Պաշտոնական Մինսկը հայտարարեց, թե չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ:
Բելառուսի ԱԳՆ–ից նաև հայտարարեցին, թե Փաշինյանի՝ Մինսկի վերաբերյալ հայտարարությունները «անհեռատես» են։ ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը նշել էր, թե բոլորին հայտնի է, որ Հայաստանում բավականին բարդ ներքաղաքական իրավիճակ է.
«Տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ, և դա հասկանալի է։ Բայց մենք չե՞նք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը: