Իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին. Մխիթարը ևս երեք ամիս կմնա ՔԿՀ-ում

MediaHub-ը երկու ամիս առաջ գրել էր հադրութցի Մխիթար Օհանջանյանի մասին, ով աշխատանքից վերադառնալիս ձերբակալվել էր: Մի քանի ժամ տեղեկություն չունենալուց հետո և միայն ընդդիմադիր պատգամավորների ջանքերով ծնողները պարզել էին, որ երիտասարդը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ: Այնուհետ նա կալանավորվեց երկու ամսով:
Իրողությունները ցույց տվեցին, որ Մխիթարը միակ արցախցին չի, որին իշխանությունը հետապնդում է։
MediaHub-ը կապ էր հաստատել Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ, որը հաստատել էր՝ նախնական երկու ամսով կալանք է կիրառվել որդու նկատմամբ, ժամկետը լրանալու է դեկտեմբերի 31-ին: Սակայն պարզվեց, որ Մխիթարի ընտանիքը մտահոգվելու պատճառ ունի։
MediaHub-ի հետ զրույցում այսօր Մխիթարի մայրը տեղեկացրեց, որ որդու կալանքն ավելացվել է 3 ամսով, ըստ մեր զրուցակցի՝ նա պետք է ազատ արձակվի մարտի 8-ին։ Այսպիսով, իշխանությունը շարունակում է հետապնդել արցախցիներին, ովքեր սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ներկա են եղել բողոքի ակցիային:
Ավելի վաղ Մխիթարի մայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենք հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանը առաջինն է հարվածել Մխիթարին։
«Ավելացրել են ևս 3 ամիս խմբակային ավազակության համար, բայց ինքը ոչ մեկի հետ կապ չի ունեցել։ Այդ օրը ինքը իմ և իր հոր հետ էր, իսկ ոստիկանը առաջինը դուբինկայով հարվածեց Մխիթարին: Որդիս այժմ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում, երկու օր առաջ եմ գնացել տեսել։ Նորից բողոքարկել ենք, հունվարի 10-ին ոստիկանները պետք է վկայություն տան, այս վիճակը մենակ մեր երեխու հանդեպ չէ, այլ շատերի»,- ասաց մայրը։
Ըստ մեր զրուցակցի՝ բացի իր որդուց կան ևս 4-5 արցախցի, որոնք նույնպես ձերբակալվել են սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիային ներկա լինելու և «խմբակային ավազակությունների համար»։ Ասում է, որ 11 հոգի էին ձերբակալել, մի քանիսին արդեն ազատել են, և հույս կա, որ Մխիթարին էլ կազատեն։
Տիկին Մեսրոպյանի խոսքով՝ փաստաբանին էլ փոխել են, քանի որ դժգոհ են եղել իրենից։ «Հունվարի 10-ին ոստիկանները պետք է վկայություն տան, բայց դեռ ոչ մի ոստիկան չկա, որ դեմքով Մխիթարին ճանաչի և հայտնի, որ իրեն ծեծել է»,- ասաց Մխիթարի մայրը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Այդ օրը Կառավարության շենքի մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:
Մարիաննա Արամյան